Բաքուն պահանջում է «պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր Երևանում և Փարիզում այրել են Ադրբեջանի դրոշը»
Քաղաքական
17:18 25/04/2025
Հայաստան

Բաքուն պահանջում է «պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր Երևանում և Փարիզում այրել են Ադրբեջանի դրոշը»

Բաքուն «խստորեն դատապարտում է  ադրբեջանական դրոշի այրումը» ապրիլի 23-ին Երևանում Ջահերով երթի ժամանակ, ինչպես նաև ապրիլի 24-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հայ համայնքի հավաքի ժամանակ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը այս գործողությունները գնահատել է որպես «Հայաստանում և նրա սահմաններից դուրս դեռևս ուժեղ ռևանշիստական ​​և էթնիկ ատելության վրա հիմնված մտածողության բացահայտ դրսևորում»։

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Հայաստանի և Ֆրանսիայի իշխանությունները պետք է անհապաղ կանխեին նման արշավները, որոնք էթնիկական ատելության դրսևորում են, և ձեռնարկեին համապատասխան անվտանգության միջոցառումներ։

Բացի այդ, Բաքուն կոչ է արել պատասխանատվության ենթարկել «այս վանդալիզմի գործողությունները կատարածներին»։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նաև կոչ է արել միջազգային հանրությանը խստորեն դատապարտել այս սադրիչ գործողությունները։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Երբ երկրիդ ղեկավարը թրքամետ է ու ոչինչ, թուրքն էլ այս աստիճան լկտիանալու է...

Պարզվում է, իրենց ամեն ինչ կարելի է, իսկ մեզ` ո'չ...»։

Հիշեցնենք, որ արդեն ավանդույթի համաձայն Երևանում ապրիլի 23-ին կազմակերվող Ջահերով երթից առաջ այրում են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։ Այս տարի Նիկոլ Փաշինյանը դատապարտել է այդ գործելակերպը՝ այն համարելով անպատասխանատու և անընդունելի». «Միջազգայնորեն ճանաչված պետության, առավելևս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ և հրահրող գործելակերպ է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder