Ի՞նչ ուղերձ կարող էր փոխանցել Ադրբեջանի նախագահը չինական կողմին լիմոնի, հանքային ջրի, թեյի բաժակի միջոցով. Արտյոմ Տոնոյան
Քաղաքական
11:58 25/04/2025
Հայաստան

Ի՞նչ ուղերձ կարող էր փոխանցել Ադրբեջանի նախագահը չինական կողմին լիմոնի, հանքային ջրի, թեյի բաժակի միջոցով. Արտյոմ Տոնոյան

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պեկինում հարցազրույց է տվել Չինաստանի CGTN հեռուստաալիքին։  X ցանցում Ալիևի պաշտոնական էջում հրապարակված լուսանկարում անմիջապես ուշադրություն է գրավում սեղանը՝ դրա վրա դրված առարկաներով»,-գրում է իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

Նա մանրամասնում է.

«Սեղանին դրված է թեյի բաժակի մի տեսակ, որը մեծ տարածում ունի Արևելքում, այդ թվում նաև Ադրբեջանում և հայտնի է armudu (բառ. տանձաձև, տանձի բաժակ), incibelli (բառ. բարակ մեջք) և այլ անուններով։

 Դրված է նաև լիմոն և Արցախից բռնազավթված Քարվաճառում շշալցված հանքային ջուր՝ «İstisu» (բառ. Ջերմաջուր, Տաք ջուր) տեսակի։

 Ի՞նչ ուղերձ կարող էր փոխանցել Ադրբեջանի նախագահը չինական կողմին իրերի այս ընտրությամբ՝

 Ադրբեջանը շահագրգռված է Քարվաճառում շշալցվող հանքային ջրերի՝ Չինաստան արտահանմամբ, որտեղ վերջին մի քանի տարիների ընթացքում շարունակաբար մեծանում է ներկրվող հանքային ջրերի նկատմամբ պահանջարկը։

Ադրբեջանը առաջարկում է Չինաստանին կատարել ներդրումներ երկու ոլորտներում, որոնք կարող են լինել հեռանկարային Չինաստանի համար։ Դրանցից առաջինը թերևս Ադրբեջանի հարավային մերձկասպյան գոտում թեյի մշակության առաջարկն է, որտեղ առկա են թեյի մշակման համար բարենպաստ կլիմայական պայմաններ։ Կա նաև դրա մշակման փորձ և բացի այդ այդ ուղղության զարգացումը հայտարարված է պետական առաջնահերթություն։

Մյուսը լիմոնի մշակման առաջարկն է, որի համար Ալիևը կարող է չինական կողմին առաջարկել Արցախից բռնազավթված տարածքները, մասնավորապես արաքսյան հովիտը։

Լիմոնը հատկապես հետաքրքիր է, քանի որ օրեր առաջ ռուսական շուկայում այն աննախադեպ թանկանում էր, և որպես թուրքականի այլընտրանք խոսվում էր չինական լիմոնների ներկրման մասին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder