Գարեգին Երկրորդը մասնակցել է Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին
Հասարակություն
16:03 26/04/2025
Հայաստան

Գարեգին Երկրորդը մասնակցել է Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին

Այսօր Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում տեղի ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը, որին ներկա է գտնվել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Հուղարկավորության արարողությանը մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ընթացքում տարբեր Եկեղեցիների պետեր և ներկայացուցիչներ առիթ են ունեցել իրենց աղոթքը բարձրացնելու ի Տեր ննջած Ֆրանցիսկոս Պապի հոգու խաղաղության համար։

Նախորդ օրը Սուրբ Պետրոսի տաճարում Ամենայն Հայոց Հայրապետը մասնավոր աղոթք է բարձրացրել Ֆրանցիսկոս Պապի հոգու հանգստության համար։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցող պատվիրակության կազմում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder