Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուբեն Հայրապետյան. Դիմեցի ՈՒԵՖԱ, ասացի՝ հավաքականը մարզադաշտ դուրս չեմ բերի, եթե Ադրբեջանի դրոշ լինի
168.am-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին խնդրել է պարզաբանել՝ ի՞նչ էր այնուամենայնիվ տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Գյուլի այցին նախընթաց օրերին, և ինչպես էր Արարատ լեռան տարբերանշանը բացակայել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկից:
«Կապիտուլյանտներին թվում է, որ Նոյեմբերի 9-ի պայմանագիրը կամ Պրահայի փաստաթուղթը, որով Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնեց և ճանաչեց Ադրբեջանի կազմում, ես եմ ստորագրել… Նախկինում էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ ֆուտբոլային դիվանագիտության օրերին մարզաշապիկի վրա Արարատ լեռան տարբերանշանը գնդակով ծածկելն ուղղակի թյուրիմացություն է եղել: Դա իմ մեղքն է եղել, և ես դրա մասին ժամանակին ասել եմ ու ներողություն եմ խնդրել: Կրկնում եմ՝ դա իմ բացթողնման հետևանքն է եղել, և որևէ քաղաքական ենթատեքստ դրանում չկա»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:
Ռուբեն Հայրապետյանը հիշեցրել է՝ նույն Թուրքիայում հավաքականը խաղացել է հին մարզաշապիկով, որի վրա հստակ երևացել է Արարատը:
«Ուղղակի արդեն մեզ մոտ նոր մարզաշապիկով են հանդես եկել: Իմ բացթողումն է եղել, էլի եմ շեշտում, Ֆեդերացիայի աշխատակիցներն արել էին, ես էլ չէի հետևել»,- նշել է ՀՖՖ նախկին նախագահը:
Նա նաև մի ուշագրավ հանգամանքի մասին է խոսել:
«Մոռանում են, որ նույն Թուրքիայում՝ Բուրսա քաղաքում, 2009թ. հոկտեմբերին, ֆուտբոլի աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան խաղից առաջ որ թուրք ֆուտբոլասերներին արգելվեց մարզադաշտ մտնել Ադրբեջանի դրոշով, նույն Ֆեդերացիայի նախագահի շնորհքն էր: Եվ սա այն դեպքում, երբ Բուրսայի դատարանը որոշում էր կայացրել, որ կարող են Ադրբեջանի դրոշ տանել մարզադաշտ: Դիմեցի ՈՒԵՖԱ, ասացի՝ հավաքականը մարզադաշտ դուրս չեմ բերի, եթե Ադրբեջանի դրոշ լինի, և մի օրում ՈՒԵՖԱ-ն նոտա հղեց, ու Բուրսայի դատարանը նույն օրն իր որոշումը փոխեց, ու արգելեցին Ադրբեջանի դրոշներով մարզադաշտ մտնել: Մի դրոշ նկատվեց, ոստիկանները ծեծելով մարզադաշտից հանեցին»։