Տղամարդու մարմինը ջրատարում հայտնաբերելու համար գործին խառնվել են նաև քրեական ոստիկանները
Հասարակություն
19:06 27/04/2025
Հայաստան

Տղամարդու մարմինը ջրատարում հայտնաբերելու համար գործին խառնվել են նաև քրեական ոստիկանները

Ապրիլի 26-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության մեծ թվով ծառայողներ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Երևանի ու Արտաշատի փրկարարական ջոկատների մեծ թվով փրկարարներ մինչև ժամը 21:00-ն շարունակել են որոնողական աշխատանքները՝ Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարն ընկած տղամարդու դին հայտնաբերելու ուղղությամբ։

«Մոտ 8 կմ շառավղով քրեական ոստիկանները հատուկ փրկարարները, փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի համայնքային ոստիկանները և նրանց միացած ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները որոնողական աշխատանքներ են կատարել և հիմնականում ոտքով, քանի որ ջրատարի հարևանությամբ ճանապարհն ամբողջությամբ «դարուփոս» էր, անձրևն էլ այն դարձրել էր ավելի անանցանելի ու մարդիկ այդ մի քանի կմ-ն խմբերի բաժանված որոնում էին։

Որոնողական աշխատողներին միացել էր նաև «Ջրառը», որտեղից էլ ժամանակավորապես ջրի հոսքը դադարեցրել էին ու մի քանի ժամ պահանջվեց, մինչև ջրի մակարդակը նվազեց։

Այսօր՝ ապրիլի 27-ին, նույնպես փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները աշխատանքերը շարունակում են։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Առեղծվածային այս դեպքի մասին այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հայտնում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ապրիլի 26-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկաններ, վտանգելով իրենց կյանքը, Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից կարողացել են փրկել 1 հոգու կյանք, իսկ մյուսին ջուրը քշել տարել է։Այդ ժամին նշված հատվածում գործող ջերմաէլեկտրակայանի հարևանությամբ գտնվող տարածքում ոստիկանության ծառայողները ծառայություն կատարելիս օգնության ձայներ էին լսել և, վազելով ձայնի ուղղությամբ, տեսել էին, որ 2 քաղաքացիներ ջրի մեջ են։Ոստիկանները կարողացել էին այնտեղ գտնվող քաղաքացիներից մեկին, կարելի է ասել, վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ դուրս բերել, սակայն մյուս քաղաքացուն չէր հաջողվել, քանի որ վարարած գետը քշել, տարել էր»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder