ՈՒՂԻՂ. Դավիթ Հարությունյան. Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումն ունի լուրջ թերություններ, որոնք չպետք է անտեսվեն
Իրավունք
15:02 29/04/2025

ՈՒՂԻՂ. Դավիթ Հարությունյան. Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումն ունի լուրջ թերություններ, որոնք չպետք է անտեսվեն

«Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումն ունի լուրջ թերություններ, որոնք չպետք է անտեսվեն»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց Սահմանադրական դատարան դիմած Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար, «ԼՈՒՅՍ» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հարությունյանը։

Նա ընդգծեց, ցավոք սրտի, Սահմանդրական դատարանը մերժել է իր միջնորդությունը գործի լսումները բանավոր ընթացակարգով անցկացնելու վերաբերյալ, ինչը խախտում է  Սահմանդրական դատարանի մասին օրենքի պահանջները։

«Դա շատ կարևոր էր, քանի որ հանրության համար պայմաններ կստեղծվեին լսելու, թե որոնք էին մեր փաստարկները, ինչ ենք մենք պնդում, որ սահմանդրական դրույթներն են դրա հիմքում։ Այնուամենայնիվ այս հնարավորությունն անտեսվեց»,-ասաց Հարությունյանը։

Մինչ ասուլիսում դրանց անդրադառնալը բանախոսն ընդգծեց, որ ինքը կարևորում է հանցագործության և հատկապես կոռուպցիայի արդյունքներով ձեռք բերված գույքի բռնագանձումը։

«Այսինքն այն, ինչ ես կներկայացնեմ, որևէ աղերս չունի այն մոտեցման հետ, որ փորձ է արվում պաշտպանել կոռուպցիոն գույքը։ Ո՛չ։ Բայց ես ինչքան կողմ եմ, որ կոռուպցիայի արդյունքում ձեռք բերված գույքը բռնագանձվի, նույնքան դեմ եմ, որ հիմքում դրվի պոպուլիստական գաղափար, որ եթե ինչ-որ մեկը հարուստ է, դա նշանակում է, որ նա գողացել է։ Կոռուպցիայի դեմ պայքարն ինչքան էլ կարևոր լինի, միևնույն է, այն չի կարող հիմք լինել, որ խախտվեն սահմանդրական իրավունքները»,-ասաց նախկին նախարարը։

ՍԴ որոշման մասին խոսելուց առաջ, ՍԴ դիմած ԱԺ պատգամավորների ներկայացուցիչը հիշեցրեց, որ դատարանում վիճարկված օրենքն ունի երկու հայտարարված նպատակ՝ կոռուպցիայի դեմ պայքարը, որը վերաբերում է նախկին և ներկա պաշտոնյաներին, երկրորդ նպատակը հանցավորության դեմ պայքարն է, որը վերաբերում է  անձանց, որոնք օրենքով սահմանված ցանկից որոշակի հանցագործություններ են կատարել և այդ դեպքում բացարձակապես կարևոր չէ, այդ մարդիկ պաշտոնյա եղե՞լ են, թե՞ ոչ, ներկայում պաշտոն զբաղեցնո՞ւմ են, թե՞ ոչ։ Ընդ որում, երկրոդ պարագահի համար օրենքը պահանջ չի դնում, որ հանցագործությունը պետք է դատարանի կողմից հաստատված լինի։

«Այսինքն, կարող է ընդամենը քրեական գործ հարուցված լինի, ավելին, օրենքը նշում է, եթե անձը արդարացվեց, համարվեց, որ նա հանցագործությունը չի կատարել բռնագանձման վարույթը, միևնույն է, պետք է շարունակվի։ Տարօրինակ է, բայց օրենքը պարունակում է նման դրույթ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ուսումնասիրության շրջանակն էլ է բավականին լայն, այն ընդգրկում է 1991 թ. սեպտեմբերից սկսած ձեռք բերած գույքին, օրենքը պարունակում է դրույթ, ըստ որի, կապ չունի, գույքը ձեռք է բերվել հանցագործություն կատարելուց առաջ, թե հետո, հանցագործության հետ կապ ունի, թե չէ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder