ՍԴ որոշման հիման վրա դատախազությունը պետք է անհապաղ ձեռնարկի հետևյալ քայլերը. Դավիթ Հարությունյան
Իրավունք
16:00 29/04/2025
Հայաստան

ՍԴ որոշման հիման վրա դատախազությունը պետք է անհապաղ ձեռնարկի հետևյալ քայլերը. Դավիթ Հարությունյան

Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ ՍԴ որոշման հիման վրա պետք է ձեռնարկվեն մի շարք անհապաղ քայլեր։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սահմանադրական դատարան դիմած Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար, «ԼՈՒՅՍ» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հարությունյանը։

«Նախ դատախազությունը պարտավոր հրաժարվել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում այն բոլոր գործերից, որոնցով կապը չի ներկայացվել այն ենթադրյալ ապօրինի գույքի և հանցավոր արարքի հետ։ առավել ևս, դատախազությունը պարտավոր է անհապաղ հրաժարվել այն բոլոր գործերից, որոնցով անձինք արդարացվել են»,-ասաց բանախոսը։

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում հարուցված գործերին, ապա, ըստ Հարությունյանի, դատախազությունը պետք է վերահաշվարկ կատարի և հրաժարվի այն գույքերի բռնագանձումից, որոնք ձեռք են բերվել մինչև պաշտոն զբաղեցնելը։

Հարությունյանը ցավով փաստեց, որ այսքանով ավարտվում է ՍԴ որոշման դրական կողմերը, սկսեց ներկայացնել բացասական կողմերը։

«Սահմանադրական հիմնարար սկզբունքը սահմանում է՝ օրենքները, որոնք վաթարացնում են անձի իրավական վիճակը, հետադարձ ուժ չունեն։ Մենք շատ հստակ մեր դիմումում ցույց էինք տվել, որ օրենքը հետադարձ ուժ ունի, նոր պարտավարություններ է դնում մարդկանց վրա, պարտավորեցնում է ապացուցել  իրենց գույքի օրինականությունը, պարտավորեցնում է, որպեսզի նրանք պահպանեն այն ապացույցները, որոնք ձեռք են բերել մինչև օրենքի ընդունումը։ Նախկինում ձեռք բերած գույքի մասով նման պահանջ դնելը նշանակում է օրենքին տալ հետադարձ ուժ»,-ասաց  նա։

Իրավիճակը Սահմանադրական դատարան դիմած Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչը պատկերավոր նկարագրեց.

«Պատկերացրեք, որ ընդունվում է մի անհեթեթ օրենք, որ ձեր հագի շորերը, եթե չհիմնավորեք, որ ձեռք եք բերել խանութից կամ նվեր եք ստացել, համարվում են ապօրինի ու պետք է ձեզանից վերցվեն։ Եթե այդ օրենքն ընդունվի, ապա բնական է, որ հետագայում դուք և չեկերը կպահեք, նվեր ստանալուց էլ մի հատ էլ գրավոր պայմանագիր կստորագրեք, հավանաբար նաև նոտարի մոտ կգնաք, բայց եթե խոսքը վերաբերում է այս պահին ձեր հագած շորերին, հավանաբար բոլորդ մերկ վիճակում, որովհետև որևէ մեկի մտքով չէր անցել, որ պետք է պահել անցած տարի ձեռք բերված շորերի չեկը։ Այս օրենքը նմանատիպ դրույթ է պարունակում գույքի հետ կապված։ Ամենացավալին այն է, որ Սահմանադրական դատարանը դրան շատ տարօրինակ ձևով է անդրադարձ կատարել։ ՍԴ-ն նենգափոխեց մեր փաստարկը, մեր փաստարկի փոխարեն։ Կարծես թե մենք ասել էինք, որ ապօրինի գույքը նախկինում պաշտպանված էր, իսկ հիմա դուք հարցականի տակ եք դնում։ Նման բան մեր դիմումը չէր պարունակում, բայց Սահմանադրական դատարանը հորինեց, իբր մենք նման պնդում ենք արել ու «հերոսաբար» պայքարեց իր իսկ հորինած, բայց մեզ «վերագրած» դիրքորոշման դեմ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder