ՈՒՂԻՂ․ Դատական նիստ. մետրոյի վագոնները վնասած քաղաքացիները զղջում են արարքի համար
Իրավունք
16:34 29/04/2025

ՈՒՂԻՂ․ Դատական նիստ. մետրոյի վագոնները վնասած քաղաքացիները զղջում են արարքի համար

Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ընթանում է մետրոյի վագոնները ներկած օտարերկրացիների գործով դատական նիստը։

Նրանց պաշտպանները հայտնեցին, որ նրանց կողմից փոխհատուցված է պատճառված ամբողջ վնասը, ընդունում են իրենց մեղքը,զղջում են կատարվածի համար, քննիչի միջնորդությամբ ներողություն են խնդրել Մետրոպոլիտենից, միջնորդեցին գործի քննությունն իրականացնել համաձայնեցված վարույթի կարգով։

Դատավորի հարցերին ի պատասխան մեղադրյալներն ասացին՝ իրենց կամքով են միջնորդությունը ներկայացնում, գիտակցում են դրա հետևանքները, զղջում են իրենց արարքի համար։

Մետրոպոլիտենի ներկայացուցիչն ասաց՝ գույքային որևէ պահանջ չունի, դեմ չէ, որ գործի քննությունն իրականացվի համաձայնեցված վարույթի կարգով։ Դատարանը հայտարարեց ընդմիջում 15 րոպե տևողությամբ բանակցությունների համար։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 1-ին, ժամը 21.32-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչում գնացքի վագոնների վրա։ Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նախ աշխատեցրել են գնացքի «վթարային կանգառ» բռնակը, իսկ շարժակազմի կանգառից հետո կայարանների միջանկյալ հատվածից, պատը մագլցելով, վազել-մոտեցել են մի խումբ անձինք և ներկելու միջոցով վնասել ուղևորներով ընթացող գնացքի վագոնները: Պարզվել է կատարողների ինքնությունը։ Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ ԱԱԾ և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների հետ, խուլիգանության կասկածանքով ձերբակալել են Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձող հինգ օտարերկրացու:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder