Սահմանադրական դատարանը խախտել է ժամկետները, ինչն ապօրինի է. Դավիթ Հարությունյան
Իրավունք
16:30 29/04/2025
Հայաստան

Սահմանադրական դատարանը խախտել է ժամկետները, ինչն ապօրինի է. Դավիթ Հարությունյան

«Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ դիմումի քննության ժամանակ Սահմանադրական դատարանը խախտել է Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջները»,- ասուլիսում ասաց Սահմանադրական դատարան դիմած Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար, «ԼՈՒՅՍ» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հարությունյանը։

Նա նշեց, որ իրենք դիմումը ՍԴ ներկայացրել էին  2021 թվականի  նոյեմբերին, անցել է 3,5 տարի։

«Օրենքը հստակ դրույթ ունի՝  քանի ամսում ՍԴ-ն կարող է քննել այդ հարցը։ Որպես կանոն՝ 6 ամսում, բայց ՍԴ-ն իրավունք ունի երկարաձգել ևս երեք ամսով, այսինքն 9 ամիս ստացվեց։

Օրենքը հնարավորություն է ընձեռում ՍԴ-ին կասեցնելու վարույթը։ Իրենք երկու անգամ օգտվեցին այդ հնարավորությունից՝  դիմեցին Վենետիկի հանձնաժողով, հետագայում դատախազություն, բայց  դատախազությունից պատասխանը ստացել են 2023 թվականի օգոստոսին ու ոչ մի շարժ։ Կասցեման որոշման մեջ գրված է՝ կասեցնել  մինչև դատախազությունից պատասխանը ստանալը։ ՍԴ-ն խախտել է  ՍԴ մասին օրենքով սահմանված ժամկետները, եթե անգամ հաշվի առնենք 9 ամիսը,  կասեցման ողջ ժամանակահատվածը՝ 2-ից ավելի տարի ցուցաբերելով անգործություն։ Սա լուրջ իրավական խախտում է։

Պատասխանելով Panorama.am-ի հարցին, փաստորեն, դիմումի քննությունը տևել է երեքուկես  տարի, չե՞նք կարող այդ ժամկետը գնահատել ողջամիտ, նա պատասխանեց. «Ոչ թե չեմ համարում ողջամիտ, այլ համարում եմ ապօրինի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder