Հայաստանում առաջիկա տարիներին կարող է առավելագույնը 10 հիդրոկայանի հնարավորություն լինել. ՀԾԿՀ նախագահ
Տնտեսություն
17:01 30/04/2025
Հայաստան

Հայաստանում առաջիկա տարիներին կարող է առավելագույնը 10 հիդրոկայանի հնարավորություն լինել. ՀԾԿՀ նախագահ

Հայաստանի տարածքում 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործում են 72  արևային էլեկտրակայաններ, ևս 47-ը գտնվել են կառուցման փուլում, ներառյալ «Մասրիկ-1» 55 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանը։ Կառուցվող էլեկտրակայանների գործարկումից հետո Հայաստանում կգործի 119 արևային էլեկտրոկայան, 577 ՄՎտ գումարային հզորությամբ։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում թվային տվյալները ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Նա ընդգծեց, որ խոսքն արտադրող արևային էլեկտրակայանների մասին է, բայց կարևոր հանգամանք է ուշադրություն դարձնել  նաև սեփական սպառման համար տանիքներին տեղադրված արևային պանելներին, 2024 թվականի տարեվերջի դրությամբ բաշխման ցանցին միացված ինքնավար  էներգաարտադրողների քանակը կազմել է 31  հազար 249՝ գումարային 420 ՄՎտ։

«Բավական արագ տեպմերով աճ ունենք, այս ամսվա տվյալներով  420-ը դարձել է 450 ՄՎտ։ Սա մի կողմից ուրախացնում է, մյուս կողմից խնդիրներ է ստեղծում»,- ասաց Մ.Մեսրոպյանը։

Նա նշեց, որ հիդրոռեսուրսների մասով գրեթե ամբողջությամբ իրացված է էներգետիկ պոտենցիալը. «Կարող է առաջիկա տարիներին 1-2 կամ մաքսիմում  10 հիդրոկայանի հնարավորություն լինի, բայց մեծ մասով  բոլոր ռելեֆային, ջրատարության, բարենպաստ պայմաններից կախված, իրացված է»։

Մ.Մեսրոպյանի խոսքով, այս պահին արևայինի մասով լուրջ խնդիրներ ունեն, պետք է գնալ նոր լուծումների. «Մի բան է,  երբ որ մեր նման երկիրը  3 տարի առաջ ուներ 50 ՄՎտ արևային իրացված պոտենցիալ, մի բան է, երբ այսօր արդեն ունենք 450 ՄՎտ տանիքներին տեղադրված արևային պանելներ, 300 ՄՎտ արտադրող կայաններ, հետևից էլ մեծ ծավալով գալիս են մյուս արևային կայանները»։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի խոսքով,  Հայաստանը տեղակայված հզորությունների դեֆիցիտ չունի, պարզապես էնեգետիկ ոլորտում այլ խնդիրներ ունեն՝  եղած հզորություններն արտահանելու, այլ երկրներում վաճառելու, նոր ենթակառուցվածքներ ստեղծելու, ինչի հետևից գնում են։

«Մենք տեղակայված հզորությունների մասով ինքնաբավ ենք, բայց քանի որ այս պահի դրությամբ դեռ 60 տոկոս  արտադրված էլեկտրաէներգիան արտադրվում է երկրում ներկրվող գազային վառելիքի միջոցով, իսկ  մյուս 30 տոկոսն էլ միջուկային վառելիքի միջոցով, այդ իմաստով ռիսկեր կան։ Արևային կայանների, վերականգնվող էներգետիկայի զարգացումը բերում է  կանխվածության փոքրացման, բայց եթե չունենանք ներկրվող գազային վառելիքի  ֆորսմաժորային իրավիճակներ, անսպատելի և կտրուկ գնային տատանումներ, ապա այս վիճակը ինչ ունենք, կայուն վիճակ է»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder