«Կոչում, որ փաստաբանները կիսում են լրագրողների հետ». Կիսովի հարցազրույց փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ
Իրավունք
08:34 30/04/2025

«Կոչում, որ փաստաբանները կիսում են լրագրողների հետ». Կիսովի հարցազրույց փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ

Panorama.am. - Դուք, անշուշտ, ավելի լավ գիտեք դատական անցուդարձը։ Վերջերս, հասկանալի պատճառներով շատ-շատերն են հետևում դատական նիստերին ու հարցեր են ծագում։ Կարելի է և առանց պատասխանների շարունակել հետևել՝ կարդարացնեն արդարին, թե ոչ, բայց, այնուամենայնիվ՝ օրենքների իմացությունն էլ վատ չէր լինի։

Իշխանությունները, գաղտնիք չէ ու ակնհայտ է, իրենց ոչ հաճո ու ճակատին ասողներին գերադասում են «ծանրաբեռնել», զբաղեցնել, լռեցնել ու պատժել ոստիկանների, քննիչների, դատախազների, դատարանների միջոցով։ Երբ հաջողվում է դա անել։ Ինչ-որ մեղադրանքով, որ անգամ իրենց սահմանմամբ ոչ սպանություն է, ոչ ծանր հանցանք, ոչ հանրության համար վնասի վտանգ,... կալանավորում են նախաքննական փուլից սկսած։ Ու պաշտպանները ստիպված են նախևառաջ բողոքարկել կալանքի որոշումը, ինչը կարող է ամիսներ տևել։ Անցնում է բավական երկար ժամանակ, մինչև դատարանը մեղադրյալի օգտին վճիռ է կայացնում՝ ազատ արձակել, ու բոլորը ուրախանում են, թերևս մոռանալով, որ սա դեռ ընդամենը «թողնել կալանքի տակ, թե չէ» փուլն է։ Ինչ եք կարծում՝ արժե՞ այդքան ժամանակ վատնել բողոքարկելու կալանքը, չարժե՞ միանգամից անցնել բուն նյութին ու պայքարել մեղադրանքի դեմ։

Վարազդատ Հարությունյան.- Մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու և բուն մեղադրանքից պաշտպանվելու գործընթացը զուգահեռ է տարվում պաշտպանի կողմից։ Առաջնահերթությունների տեսանկյունից վստահորդի ազատության իրավունքի վերականգնումը միշտ էլ առաջնահերթ է, սակայն դա չի նշանակում, որ այդ աշխատանքն արվում է ի հաշիվ բուն մեղադրանքի դեմ արդյունավետ պաշպանություն իրականացնելուն։

Սրանք զուգահեռ՝ իրարից չառանձնացող և դեռ մի բան էլ փոխլրացնող գործողություններ են։

Panorama.am. - Հայաստանում ամեն ինչ այնքան է ծայրահեղականացված, որ ամենամարդկային մասնագիտություններն անգամ քաղաքականացվում են. Դուք ունե՞ք քաղաքական նախասիրություններ որպես փաստաբան, թե՞ գործի հետաքրքրությունն է առաջնայինը։

Կամ՝ ինչը՞։

Վարազդատ Հարությունյան. - Իհարկե ունեմ քաղաքական նախասիրություններ, ունեմ Հայաստանի ներկա վիճակի վերաբերյալ իմ դիրքորոշումը, ունեմ նաև՝ ապագա Հայաստանի իմ պատկերացումներն ու նպատակները։ Երբեք չեմ մտածել արտերկիր տեղափոխվելու մասին, ուստի իմ բնական իրավունքն է պայքարել և ձգտել իմ ուզած պետությունը ունենալ։

Ըստ այդմ՝ որպես փաստաբան իմ մասնագիտությունը ծառայեցնում եմ նաև նույն ձգտումներն ունեցող անձանց օգնելուն, պաշտպանելուն, նրանց պայքարին որևէ կերպ օժանդակելուն։

Panorama.am. - Մի ժամանակ կային հեռուստահաղորդումներ՝ ֆիզիկա, հայոց լեզու, մաթեմատիկա... բուհերի դասախոսները բացատրում էին առարկաները թեմա առ թեմա՝ դպրոցական ծրագրով, ու դա շատ հետաքրքիր էր, օգտակար։ Նույնիսկ անկախացման ու եթերների մրցավազքի ժամանակ չէին ափսոսում իրավական ուսուսողական հաղորդումներ արձակել, ու դա էլ էր օգտակար։

Այսօր այն տպավորությունն է, որ Հայաստանը մնացել է մեկ-երկու կիսագրագետ կոմպլեքսավորվածների ինքնահաստատմանն ու հատուկ քարոզի մեխերին։ Ես հասկանում եմ, որ անվճար (հիմա արդեն փաշինյանյան հարկերի պատճառով՝ ոչ) ու բազմաթիվ սարքած գործերի դեմ դատարաններում պաշտպանական գործընթացը, մեկնաբանությունները եթերներով, հանրությանը ապօրինությունների մասին իրազեկումը շատ ժամանակ է խլում, սակայն՝ մտասիր չե՞ք իրավունքի մասին ուսումնական հաղորդումներ կազմակերպել՝ պարզ, հասարակ,օրինակներով, ա-բ լեզվով։ Օգտակարությունը հաստատ շատ ավելի մեծ կլինի, քան եթե նույնիսկ ինչ-ինչ բաներ գուգլելը։

Վարազդատ Հարությունյան.- Լավ գաղափար է, բայց ժամանակատար։ Մենք՝ մեր «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությամբ» անցած տարվանից սկսել են «Իրավունքի պաշտպանության ամառային դպրոցը», որն անց է կացվում հայ իրավական մտքի, թերևս, ամենականավոր գործչի՝ Մխիթար Գոշի հիմնադրած և նրա անունը կրող վանքում՝ Գոշավանքում։

Միգուցե ժամանակի ընթացքում նմանատիպ մի կրթական նախաձեռնություն էլ վիդոֆորմատով անենք, դեռ չենք մտածել։

Panorama.am. - Վերջերս կայացավ «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիա․ կարիքները և ակնկալիքները» խորագրով համաժողովը, որտեղ ամրագրվեց, որ քաղաքացիների իրավունքների պաշտպանների իրավունքների պաշտպանության խնդիրներ կան։

Արդյո՞ք չի նշանակում է, որ իշխանությունները իրենց իրավունքները առանձնացնում են, հակադրում են դրանք քաղաքացիների իրավունքներին և, նույնիսկ, թշնամաբար են տրամադրված դրանց պաշտպանությանը։

Վարազդատ Հարությունյան.- Բոլոր երկրներում էլ պետական մարմինները, իշխանությունները «չեն սիրում» փաստաբաններին։ Պատճառն այն է, որ պետական մարմինների կամայականությունները մատնանշող, դրանց դեմ որակյալ պայքար իրականացնող մասնագիտական համայնքներից մեկը՝ փաստաբաններն են, որոնք այդ կոչումը կարելի է ասել կիսում են լրագրողների հետ։ Ըստ այդմ՝ նմանատիպ կոնվենիցայի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԵԽ անդամ երկրներում փաստաբանների կարգավիճակի, նրանց իրավունքների, գործունեության երաշխիքների ունիվերսալ ստանդարտներ ներդնելուն և դրանք պաշտպանելուն։

Ընդ որում, ասեմ, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքն իր կարգավորումներով գրեթե համապատասխանում է ընդունվելիք կոնվենցիայի կարգավորումներին ու պարզվում է, որ մեր իրավական համակարգը դեռ վաղուց է ընդունել այն ստանդարտները, որոնք ԵԽ-ի մակարդակով դեռ քննարկվում են, որպեսզի ընդունվեն։ Այս առումով, վստահաբար կարող եմ ասել, որ հայաստանայան փաստաբանությունը իր որակով ու ինստիտուցիոնալ զարգացվածությամբ օրինակելի է բազմաթիվ, նույնիսկ զարգացած երկրների համար։ 

Panorama.am. - Շնորհակալ եմ զրույցի համար. 
Զրուցեց Անահիտ Ոսկանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder