Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայ ժողովրդի բարեկամ Վլադիմիր Սպիվակովին շնորհվել է ՌԴ Աշխատանքի հերոսի կոչում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել երաժիշտ և դիրիժոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովին։ Համապատասխան որոշումը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
«Պետությանն ու ժողովրդին մատուցած հատուկ աշխատանքային ծառայությունների համար Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչում շնորհել Վլադիմիր Թեոդորովիչ Սպիվակովին», - ասվում է փաստաթղթում։
Իր նվագախմբի հետ միասին Սպիվակովը բազմիցս համերգներ է տվել Հայաստանում. հատկապես նշանակալի էր նրանց ելույթը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո։ Երաժիշտը բարեգործական համերգ է տվել 2022 թվականին՝ ի աջակցություն 2020 թվականի պատերազմից հետո Երևանի «Զինվորի տանը» բուժում և վերականգնողական կուրս անցնող զինվորականներին։
«Պետք է ասեմ, որ Հայաստանը վաղուց դարձել է իմ տունը։ Ես բազմիցս ելույթ եմ ունեցել որպես մենակատար և դիրիժոր՝ Մոսկվայի վիրտուոզ նվագախմբի և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Իմ ընտանիքը միշտ ձեզ հետ է եղել՝ թե՛ վշտի, թե՛ ուրախության պահերին։ Վերջին տարիներին Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում։ Ձեր ցավը արտացոլվում է իմ սրտում, ուստի կարևոր է, որ ես ձեզ աջակցեմ ցանկացած հնարավոր ձևով», - ասել էր նա այդ ժամանակ։
1989 թվականին ջութակահարին շնորհվել էր Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում, իսկ 1999 թվականին ստացավ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան։ Երաժիշտը Հայաստանի հետ կապված է նաև անձնական կյանքով՝ իր հայ կնոջ՝ դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի հետ։ Զույգն ունի երեք դուստր։