Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումից հետո ունենք անլուծելի իրավիճակ. Իրավաբան
Քաղաքական
12:45 01/05/2025
Հայաստան

Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումից հետո ունենք անլուծելի իրավիճակ. Իրավաբան

«Եթե անձին մեղադրյալ են ներգրավել 300 կամ 5 հազար դոլար կաշառք տալու համար, ու եթե այդ մարոդու նկատմամբ հարուցվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ վարույթ, դա նշանակում է, որ հայցադիմումի մեջ պետք է հիմնավորված լին, որ այդ կաշառքի դիմաց նա ստացել է որևէ առավելություն, որն էլ այնպիսի եկամուտ է առաջացրել, որով կարողացել ես ձեռք բերել համապատասխան գույքը»,-ասաց «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակի կառավարող գործընկեր, ԵՊՀ դասախոս, ի.գ.թ. Վահագն Գրիգորյանը՝ խոսելով ՍԴ որոշման մասին։

Իրավաբանի կարծիքով, ՍԴ-ն սահմանել է, այն դեպքերում երբ անձի նկատմամբ հարուցվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ, ուսումնասիրություն՝ հիմքում դնելով անձի մեղադրյալ լինելը, այդ դեպքերում առավելագույնը  բռնագանձման է ենթակա այն գույքը, որը ողջամտորեն կապ ունի այն հանցանքի հետ, որով անձը ներգրավվել է որպես մեղադրյալ։

«Ողջամտորեն կապ ունի ասելով ես հասկանում եմ, որ ամենաքիչը մեղադրյալ ներգրավվելու որոշման մեջ կամ առաջադրված մեղադրանքում պետք է բռնգանաձման ենթակա գույքի վերաբերյալ լինի որևէ նշում, որևէ վարկած, որ գույքը հանցավոր գործունեության արդյունքում կամ հանցավոր եկամուտներով ձեռք բերված գույք է»,-նշեց նա։

Իրավաբանն ընդգծեց՝ ավելին, ՍԴ-ն սահմանել է, որ համապատասխան հանցանքը, որը թույլ է տալիս անձից գույք բռնագանձել պետք է լինի այնպիսին, որ օբյեկտիվ դիտորդի մոտ ստեղծի այն պատկերացումը, որ այդ հանցանքնից հնարավոր էր ապաօրինի կերպով եկամուտ գեներացնել։

Վահագն Գրիգորյանը նկատեց, որ ՍԴ-ն խոսել է նաև այն դեպքերի մասին, երբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը հարուցվում է  ոչ թե քրեական գործի հետ փոխկապակցվածության հիմքով, այլ օպերատիվ հետախուզական միջոցառումների հիման վրա։

«Այս մասով ՍԴ դիրքորոշումը հստակ է, բռնագանձվել կարող է առավելագույնը այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան անձի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո։ Սա նշանակում է, բոլոր այն փաստաբաններ, որ տարիներ շարունակ դատարաններում պայքարում էին, որպեսզի գործերի վարույթները կասեցվեին մինչև ՍԴ-ի այս որոշման կայացումը, ճիշտ էին։ Մեր միջնորդութունները մերժվել են տարբեր հիմքերով, հիմա ունենք այն, ինչ ունենք։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի տեսանկյունից մենք ունենք անլուծելի իրավիճակ։ Դատարանների առջև դրված է այնպիսի խնդիր, որն օրինական ձևով չեն կարողանալու լուծել, քանի որ ժամանակին մեր միջնորդություններն անտեսվել են»,-ասաց նա։

Նշենք, որ Վ. Գրիգորյանը մասնակցում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ –1776 որոշման համատեքստում»» վերտառությամբ համաժողովին, որը կազմակերպել է «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակը՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ։

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձեւավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։

Իր գործունեության 6 տարիների ընթացքում կազմակերպություն իրականացրել է իրազեկող գործունեություն, կազմակերպել է դասընթացներ մարզերում։

ՊԶՄԿ-ն նաեւ իրականացնում է դիտորդական առաքելություն ընտրական գործընթացներում, որի համատեքստում կազմակերպում է դասընթացներ եւ վերապատրաստում դիտորդների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումից հետո ունենք անլուծելի իրավիճակ. Իրավաբան