«Հրապարակ». «Հանրապետություն» կուսակցությունը կոալիցիոն գործընկերներին բաց տեքստով շանտաժ է արել
Քաղաքական
09:07 02/05/2025
Հայաստան

«Հրապարակ». «Հանրապետություն» կուսակցությունը կոալիցիոն գործընկերներին բաց տեքստով շանտաժ է արել

«Հրապարակ» թերթը գրում է. ««Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքից հետո «Հանրապետություն» և «Քաղպայմանագիր» կուսակցությունների միջև «բազառ» է սկսվել: ՔՊ-ում հասկանում են, որ եթե թաղապետը չազատվի պաշտոնից` տեսախցիկի առաջ խմբակային ծեծին մասնակցելուց հետո, ապա դա իրենց չի ներելու վրդովված հանրությունը: Սակայն, մյուս կողմից, Արամ Զավենիչի կուսակիցները «պատվի հարց» են համարում իրենց կուսակցի պաշտոնավարման հարցը և շատ արմատական են տրամադրված:

Հենց դեպքի օրը «Հանրապետության» կուսակցական ակտիվը մի քանի ժամ քննարկել է կատարվածը և որոշել, որ «իրեն հարգող ցանկացած տղամարդ սադրանքներին այդպես պետք է պատասխաներ», ուստի կոալիցիոն գործընկերներին բաց տեքստով շանտաժ են արել, որ եթե նման որոշում կայացվի, և իրենց թաղապետին պատժեն` գործից ազատեն, ապա Երևանի ավագանիում իշխանության կոալիցիան կքանդվի, և ՔՊ-ն կկորցնի նաև Երևանը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ն Երևանում իշխանություն ունի՝ բացառապես շնորհիվ «Հանրապետության» և Դոգի, որոնց տված ձայների շնորհիվ է Տիգրան Ավինյանը քաղաքապետ դարձել: Թերևս, նաև այս «բազառներից» հետո է քաղաքական որոշում ընդունվել, որ հանրային զայրույթը գոնե մեղմելու համար քրեական հետապնդում սկսվի` մեղմ հոդվածով: Եվ տեղեկացրին, որ 2 քրեական վարույթ է հարուցվել․ մեկը՝ նախորդ օրը կազմակերպված ակցիայի հետ կապված, որի ժամանակ թաղապետի լուսանկարի վրա յոգուրտ էին լցնում Արթուր Չախոյանն ու Մեսրոպ Մանուկյանը: Մյուսը՝ մի խումբ անձանց կողմից խմբակային ներգործության հոդվածով, որով անցնում է նաև թաղապետը: Որոշ ժամանակ իբրև թե կքննեն այս գործերը, ապա կառաջարկեն` երկուսն էլ կարճել, և թաղապետն էլ կշարունակի պաշտոնավարել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder