Հոկտեմբերյանի բաժնի ոստիկանների կողմից քաղաքացուն խnշտանգելnւ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Իրավունք
13:50 02/05/2025
Հայաստան

Հոկտեմբերյանի բաժնի ոստիկանների կողմից քաղաքացուն խnշտանգելnւ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՆԳՆ ոստիկանության Հոկտեմբերի բաժնի ծառայողների կողմից քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խոշտագումը)։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։ 

Հիշեցնենք, որ երեկ փաստաբան Արա Ղարագյոզյանն ահազանգել էր ոստիկանների կողմից իր պաշտպանյալի խոշտանգման մասին. «Իմ պաշտպանյալի թույլտվությամբ հրապարակում եմ նրա կողմից տրամադրված տեսանյութն ու լուսանկարները, որոնք փաստում են Հոկտեմբերյանի ոստիկանության կողմից նրա նկատմամբ կիրառված բռնության մասին։ Տուժողի խոսքով՝ ոստիկաններն իրեն նախ բռնության են ենթարկել իրենց տանը, ապա տարել ոստիկանություն, որտեղ շարունակել են ծեծել և բերանը փակել սկոչով»։

ՆԳՆ նախարարաի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը դեպքի հետ կապված պարզաբանել էր. «Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի տուն, ներկայացրել քննիչի որոշումը, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ և նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։ Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրվում է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder