«Արցախ» կամերային նվագախմբի ֆինանսավորումն, իր անվան շնորհիվ, բավականին դժվարանում է. Նարեկ Հախնազարյան
Մշակույթ
16:51 02/05/2025
Հայաստան

«Արցախ» կամերային նվագախմբի ֆինանսավորումն, իր անվան շնորհիվ, բավականին դժվարանում է. Նարեկ Հախնազարյան

Մայիսի 5-ին, ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ելույթ կունենա «Արցախ» կամերային նվագախումբը՝ միջազգային ճանաչում ունեցող ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ միասին։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր` Նարեկ Հախնազարյան։

«Նվագախումբը ստեղծվել է 2004 թվականին Արցախում՝ կոչվել է Արցախի պետական կամերային նվագախումբ։ Բռնի տեղահանումից հետո նվագախումբը դադարեց իր  գոյությունն ու ստեղծագործական կյանքը։ «Արցախ» կամերային նվագախումբը Հասմիկ Պապյանի նախաձեռնությամբ վերածնվեց Հայաստանում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց թավջութակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը։

2024 թ. հուլիսի 5-ին կայացել է նվագախմբի փակ համերգ-շնորհանդեսը։ 

Ն.Հախնազարյանն ասաց, որ նվագախմբում կան և արցախցի, և հայաստանցի երաժիշտներ։

«Արցախում դասական երաժշտությունն այդքան զարգացած չի եղել։ Իհարկե, առաջնահերթություն տալիս ենք արցախցի երաժիշտներին»,- ասաց Հախնազարյանը։

ՀՀ ժողովրդական արտիստ, նվագախմբի խորհրդի նախագահ Հասմիկ Պապյանն ասաց, որ իրենք ամեն իմաստով առաջնահերություն են տալիս հենց արցախցիներին։

«Ես չէի ուզի Արցախի մասին որպես հուշ, հիշողություն խոսենք։ Սա է նաև նպատակը, թե ինչու եմ փորձել վերականգնել «Արցախ» նվագախումբը։

Ես չեմ հաշտվում Արցախի կորստի հետ։ Հույս ունեմ՝ մի օր գալու է այդ բաղձալի օրը, որ լինի վերադարձ։ Մշակույթի մոտ եղած մարդու ցանկություն և նպատակ է, որից ավելին ես այս պահին չեմ կարող անել»,- ասաց Հ. Պապյանը։

Ասուլիսին ներկա ջութակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ իրեն զանգահարել է Նարեկ Հախնազարյանն ու հայտնել նվագախմբի հետ ելույթ ունենալու գաղափարի մասին։

«Իհարկե,  որպես հայ երաժիշտ շատ կարևոր է աջակցել այդ գաղափարին։ Էլ ավելի կարևոր է, որ արցախցի մեր հայրենակիցներին ենք աջակցում, որ կարողանան շարունակել իրենց գործունեությունը, լինել երաժշտություն մեջ»,- ասաց Ս. Խաչատրյանը։ 

Մայիսի 5-ին կայանալիք համերգի ծրագրում՝ Բարտոկ-Ռումինական ժողովրդական պարեր, Հարությունյան-Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար (մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան), Միրզոյան «Շուշանիկ», Շոստակովիչ «Կամերային սիմֆոնիա դո մինոր»։

Նարեկ Հախազարյանն ասաց, որ նվագախումբն արդեն հյուրախաղերի հրավեր ունի։

Խոսելով նվագախմբի անվան հետ, արդյո՞ք որևէ խնդիր առաջացել է անվան հետ կապված, Հասմիկ Պապյանն ասաց, որ Հայաստանում այսօր նվագախմբի պակաս չկա, այլ նվագախումբ ունենալու իմաստ էլ չկար, բայց հենց այդ նպատակով պետք է լիներր «Արցախ» անունով, իսկ նպատակակետն արդեն նշել է՝ «չէի ուզի Արցախի մասին որպես հուշ, հիշողություն խոսենք»։ 

Նարեկ Հախնազարյանն ասաց, որ թեև անվան հետ կապված խնդիր չեն ունեցել, բայց ֆինանսավորման հարցում խնդիր ունեն. «Անվան շնորհիվ  ֆինանսավորումը բավականին դժվարանում է, ֆինանսական շատ աղբյուրներ՝ լինեն մասնավոր, պետական, անվան պատճառով արդեն չեղարկում են ֆինանսավորումը։

Քաղաքականությունը մշակույթում անիմաստ բան է։ Եթե լսեն մարդիկ, կազմակերպություններ, ովքեր կուզեն մեզ աջակցել, ուրախ կլինենք»։

Հասմիկ Պապյանը վստահ է, որ օրը կգա, մարդիկ պատիվ կհամարեն օգտակար լինել, աջակցել «Արցախ» կամերային նվագախմբին։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Արցախ» կամերային նվագախմբի ֆինանսավորումն, իր անվան շնորհիվ, բավականին դժվարանում է. Նարեկ Հախնազարյան