ՍԱՏՄ նախկին ղեկավարն աշխատակիցներին պարգևավճար է բաժանել, հետո հետ վերցրել. Մանրամասներ
Իրավունք
15:59 05/05/2025
Հայաստան

ՍԱՏՄ նախկին ղեկավարն աշխատակիցներին պարգևավճար է բաժանել, հետո հետ վերցրել. Մանրամասներ

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանի դեմ հարուցված քրեական վարույթի վերաբերյալ իրավապահ մարմինների հրապարակած տեղեկությունները շատ ժլատ են։ Հայտնի է, որ Արմեն Դանիելյանին կալանավորման միջնորդութուն է ներկայացվել, նրա հետ ձերբակալված են ՍԱՏՄ մի քանի աշխատակիցներ։

Panorama.am-ի աղբյուրները քրեական վարույթի վերաբերյալ մի քանի մանրամասներ հայտնեցին։ Ըստ այդմ, Արմեն Դանիելյանը աշխատակիցներին մարզեր գնալու համար հասանելիք բենզինը չի հատկացրել և այն վաճառել է։

Մեկ այլ դրվագով էլ, Արմեն Դանիելյանը նախ իր ենթականերին պարգևավճար է բաժանել, ապա հետ է վերցրել, ըստ էության գրպանել է աշխատակիցներին՝ պետբյուջեից տրամադրված գումարները։

Panorama.am-ի հետ զրույցում ավելի վաղ Հակակռուպցիոն կոմիտեից հաստատել էին, որ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։

Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանին Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց օրեր առաջ՝ ապրիլի 30-ին։ 

«Հրապարակ»-ն ավելի վաղ գրել էր՝ Արմեն Դանիելյանի ազատման պատճառը կառույցում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումներ են, մասնավորապես` ծառայողական մեքենաների վառելիքի հետ կապված։

Արմեն Դանիելյանն անցած տարվա նոյեմբերին էր նշանակվել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։ Նա մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՍԱՏՄ նախկին ղեկավարն աշխատակիցներին պարգևավճար է բաժանել, հետո հետ վերցրել. Մանրամասներ