ՈՒՂԻՂ միացում Գյումրիից. Լարված իրավիճակ է ստեղծվել ավագանու շուրջ
Քաղաքական
09:57 06/05/2025
Հայաստան

ՈՒՂԻՂ միացում Գյումրիից. Լարված իրավիճակ է ստեղծվել ավագանու շուրջ

Գյումրու ավագանու շուրջ լարված իրավիճակ է ստեղծվել։  Ինչպես Panorama.am-ին հայտնեց «Մեր քաղաքը» դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը, իշխանությունը փորձում է  գտնել կամ գտել է եղանակներ՝ կամաց-կամաց սկսելու խարխլել այն պատկերը, որ ունենք գյումրեցիների ընտրության արդյունքում։

«Ապրիլի 21-ին «Մեր քաղաքը» խմբակցության՝ վեց հոգանոց թիմից մի հոգի՝ Կարեն Հրայրի Բադալյանը դիմում էր գրել, որ աշխատանքային հանգամանքներով պայմանավորված այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հնարավոր չի համարում իր պաշտոնավարումը որպես ավագանու անդամ և հրաժարականի դիմում է ներկայացրել։ Օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարն արձանագրություն է կազմել լիազորությունների դադարեցման վերաբերյալ»,-մանրամասներ հայտնեց Սոս հակոբյանը։

Նրա խոսքով, օրենքի համաձայն, արձանագրությունը պետք է ներկայացվի թիվ 31 ԸԸՀ։

«Համայնքապետը ոչ թե որոշում է  կայացնում, այլ արձանագրում է, որ այս մարդու լիազորությունները դադարել են, ըստ էության արձանագրում է այդ տեղի թափուր լինելը, որից հետո ցուցակի հաջորդ թեկնածուն պետք է դառնա ավագանու անդամ։ Ի՞նչ է տեղի ունեցել այստեղ։ Մեր հաշվարկներով գոնե, սահմանված ժամկետներն անցել են, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը օրենքով սահմանված յոթօրյա ժամկետում չի գործել։ Ունենք տեղեկատվություն, որ Կարեն Բադալյանը դիմել է դատարան՝ փորձելով անավավեր ճանաչել քաղաքապետի արձանագրությունը»,-ասաց Հակոբյանը։

Փաստաբանը մանրամասնեց, որ լիազորություններից հրաժարվելու մասին դիմումը ներկայացնելուց երկու օր հետո Կարեն Բադալյանը բոլորին անհայտ հանագմանանքերում ևս մեկ դիմում է  գրել՝ խնդրելով անտեսել առաջին դիմումը,  հայտնելով, որ ցանկանում է պաշտոնավարել, նաև ցանկանում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից։

«Հասկանալի է, որ այստեղ միջամտություն է տեղի ունեցել: Վստահաբար անձի կամքի վրա ազդեցություն է եղել, սա կարելի է  որակել նաև որպես բռնություն, այդպես չի լինում, ապրիլի 21-ին անձը հրաժարվում է մանդատից, բերում է պատճառներ, հետո հայտարարում է՝ ոչ միայն փոշմանել է, այլև այսուհետ դառնում է «անկախ» ավագանի։ Այս ամենի մեջ մեկ տրամաբանություն կա, ընդդիմությունից պոկված «անկախ» ավագանին կարող է միայն մեկ շահի ծառայել, դա իշխանության շահն է։ Մանրամասները չգիտենք, թե ինչ պատճառներով, բայց մարդը կարող է  հազար ու մի անձնական ու ոչ անձնական խնդիրներ ունենալ, կարող է հոգեբանորեն ունենալ թուլություններ, որոնք օգտագործելով  միջամտությունն է արվում։ Սա փորձ է՝ խեղելու գյումրեցու քվեի արդյունքում ձևավորված քաղաքական պատկերը։ Մենք այստեղ ենք՝ պայքարելու, որ նման բան չլինի, ինչպես նաև տեղեկացնելու խախտումները, կանխելու դրանք, ինչքանով մեր ուժերը կներեն»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder