Ալմաթայի հռչակագրի ստորագրմամբ ՀՀ–ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմաններով․ Միրզոյան
Քաղաքական
20:40 07/05/2025
Հայաստան

Ալմաթայի հռչակագրի ստորագրմամբ ՀՀ–ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմաններով․ Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում: 

Այս մասին ԱԺ- ում տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով այն քննադատությանը, որ իշխանություններն օգտագործում են ԼՂ–ի լուծարման փաստաթուղթը՝ քողարկելու համար 2022թ․-ին Պրահայում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը:

«Ես ստիպված եմ արձանագրել մի բան, որը մի կողմից շատ հանրահայտ փաստ է, մյուս կողմից համապատասխան պաշտոնյաները մեզ տևական ժամանակ համառորեն չեն ուզել ասել՝ երևի, որ տրամադրությունները չընկնի: Եվ այդ փաստը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԽՍՀՄ կազմալուծման գործընթացի հետ գրեթե միաժամանակ Ալմաթայի հռչակագրի ստորագրմամբ ՀՀ–ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմաններով: Ավելին՝ փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու այս հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում հենց սկզբից և արտահայտված է բոլոր նշանակալի փաստաթղթերում, այդ թվում և Մադրիդյան սկզբունքներում։Մադրիդյան սկզբունքներից մեկը հենց տարածքային ամբողջականությունն էր, իսկ ինքնորոշման իրավունքն ընկալվում էր տարածքային ամբողջականության շրջանակներում»,– նշեց Միրզոյանը:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder