ՆԳՆ. Մի՛ վերասարքավորեք խլացուցիչները, կտուգանվեք
Իրավունք
17:41 08/05/2025
Հայաստան

ՆԳՆ. Մի՛ վերասարքավորեք խլացուցիչները, կտուգանվեք

Խլացուցիչները վերասարքավորելով՝ վարորդները բարձրացնում են մեքենաների ձայնը, դրանով իսկ խախտում հասարակական կարգն ու խաթարում քաղաքացիների անդորրը։ Նման տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ Ոստիկանության միջոցառումները մշտական են, իսկ արձագանքը՝ խիստ և հետևողական։ Այս մասին հայտնում են  ՆԳ նախարարությունից։

Նախարարությունից մանրամասնում են՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի երկրորդ մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։

Նման տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու դեպքում պարեկային ծառայողներն իրականացնում են սահմանված ընթացակարգով վարչարարություն։

«Ավելին, Ոստիկանությունն ապրիլ ամսից արդեն իսկ որդեգրել է նոր՝ նախադեպը չունեցող մոտեցում՝ գործընթացին ներգրավելով վարչարարության ելքով չշահագրգռված փորձագետների։Մեքենան ուղեկցվում է պահպանվող հատուկ տարածք։ Գործին ներգրավվում է փորձագետ։ Արձանագրությունը կազմելուց անմիջապես հետո Պարեկային ծառայության կողմից վերցվում է հաշվառման վկայագրի բնօրինակը և վարորդին տրամադրվում է ժամանակավոր հաշվառման վկայագիր՝10-օրյա ժամկետով։ Այնուհետև 10-օրյա ժամկետում վարորդի կողմից թերությունը վերացնելու դեպքում ներկայացվում են համապատասխան ապացույցներ և վարորդին տրվում է բնօրինակ հաշվառման վկայագիրը»,- մանրամասնում են նախարարությունից։

Ապրիլ ամսին փորձագետի ներգրավմամբ զննության է ենթարկվել 5 տրանսպորտային միջոց, իսկ մայիս ամսվա ընդամենը մի քանի օրերի ընթացքում արդեն՝ 8։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder