Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում
Իրավունք
21:17 08/05/2025
Հայաստան

Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում

Այսօր՝ մայիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի 8 շենքի բակում վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ է տեղի ունեցել: 
 
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Նշված շենքի բակում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, քարեր, որոնց վրա նույնպես առկա է արյուն, վթարված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա: 
 
Մինչ ոստիկաններն ու պարեկները սահմանազատում էին տարածքը, Կոտայքի մարզի քրեական և համայնքային ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ «Subaru» մակնիշի ավտոմեքենայով վիրավորի են տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն: 

Քրեական և համայնքային ոստիկանների մի խումբ ժամանում են հիվանդանոց և բակում հայտնաբերել են «Subaru» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են արնանման հետքեր, առջևի աջակողմյան «շթի» հատվածն էլ վնասված և դիմապակին ճաքած: 
 
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ «Subaru»-ի վարորդը, որին դանակահարել են, նա էլ նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն դանակահարածին:  Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Այդ պահին նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ վիրավորներից մեկը Աբովյանում հայտնի «Սալդատ» մականվամբ ինչ-որ անձնավորություն է, ով մշտապես քրեական պատմությունների կիզակետում է եղել ու դրական բնութագիր չունի: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder