«Հրապարակ». Ինչով է պայմանավորված իրավապահ համակարգի վերջին շրջանի «ռեյդը»
Իրավունք
08:49 08/05/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչով է պայմանավորված իրավապահ համակարգի վերջին շրջանի «ռեյդը»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին շրջանում «ռեյդի» է դուրս եկել։ Օրումեջ ձերբակալություններ են, հիմնականում՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Մայիսի 2-ին ձերբակալել էին 2 անձի, որոնցից մեկը ՊԵԿ տեսուչ էր։ Նույն օրը կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել էր Արտաշատի ՄՌՈՒ-ի աշխատակից, ավելի վաղ՝ դատարան էին ներխուժել և բերման ենթարկել դատավոր Արտուշ Գաբրիելյանին, ապա ԲԴԽ-ից թույլտվություն ստանալուց հետո կաշառքի մեղադրանքով նրան կալանավորեցին։

Մի քանի օր առաջ էլ Սննդի անվտանգության տեսչական մարմնի պետ Արմեն Դանիելյանին և ՍԱՏՄ մի քանի այլ աշխատակիցների կալանավորեցին՝ բենզինի և պարգևավճարների յուրացման մեղադրանքով։ Վերջին դեպքը երեկ էր՝ մայիսի 7-ին․ ոստիկանության Էջմիածնի բաժնի 9 ոստիկան ձերբակալվեց՝ հանցագործության դեպքը թաքցնելու համար։ Ձերբակալվածների թվում էր նաև բարձրաստիճան պաշտոնյա։ Դեպքը վերաբերում էր ծեծկռտուքին։

Իրավապահ համակարգի մեր աղբյուրն ասում է՝ իրավապահների այս «ռեյդը» պայմանավորված է առաջիկա ընտրություններով։ Իշխանությունն արդեն սկսել է քարոզարշավը՝ ակտիվացրել է իրավապահ մարմիններին՝ հանրությանը ցույց տալու, որ պայքարում են կոռուպցիայի դեմ և ոչ մեկին չեն խնայում։ Հակակոռուպցիոնին հանձնարարվել է՝ բացահայտել, դատական իշխանությանը՝ համատարած կալանքի սանկցիաներ տալ կաշառք վերցրած չինովնիկներին և խախտում թույլ տված դատավորներին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder