Խռմփոց. պատճառները, բուժման մեթոդները
Առողջություն
22:30 08/05/2025
Հայաստան

Խռմփոց. պատճառները, բուժման մեթոդները

Խռմփոցը տարածված երևույթ է և հաճախ ընդունվում է որպես սովորական անհարմարություն, քան` ախտաբանություն: Մասնագետները նշում են, մեծ տարիքում (51-60 տարեկան) այն հանդիպում է 80 տոկոս մարդկանց մոտ: Բայց դա պատճառ չէ այդ երևույթի լուրջ չընդունել:

Ձայնը, որը խռմփոց է անվանվում, դժվարացած շնչառության հետևանք է, ինչը կարող է հանգեցնել քնի ընթացքում շնչառության կանգի՝ ապնոէի: Այն առաջանում է կոկորդի, քիմքի փափուկ հյուսվածքների տատանումների արդյունքում:

«Արմենիա» ԲԿ-ից նշում են, որ խռմփոցի պատճառները տարբեր են՝ ժամանակավոր և պերմանենտ:

Օրինակ, վնասակար սովորությունները՝ ծխելը և ալկոհոլը, կարող են գրգռել քիթ-կոկորդի շրջանը: Պատճառը վերացնելիս՝ խնդիրն ինքնուրույն անցնում է: Բայց եթե դա օրգանիզմում որևէ ախտաբանական փոփոխության հետևանքով է առաջանում, անհրաժեշտ է հետազոտվել և բուժվել:

Խռմփոցի ամենատարածված պատճառներից է մարմնի ավելորդ քաշը, ճարպակալումը, որը ճնշելով շնչուղիները՝ վատացնում է շնչառությունը: Երբեմն միայն 10 տոկոսով քաշի նվազումը կարգավորում է այն:

Երբեմն խռմփոցը հիպերտոնիայի ախտանշաններից է: Այն դիտվում է բարձր ճնշումով տառապողների 1/3-ի մոտ:

Ցավոք, խռմփոցի պատճառ կարող են լինել նաև քիթ-կոկորդի կազմության առանձնահատկությունները՝ տարիքային փոփոխությունները, քթի պոլիպը, թուլացած քիմքը, երկար լեզվակը, քթի միջնապատի թեքվածությունը և այլն: Նման դեպքերում օգնում է վիրահատական միջամտությունը: Ներկայում օգտագործվում է նաև լազերային բուժումը: Բուժման միջոցի ընտրությունը կախված է խռմփոցի պատճառից և ուղեկցող հիվանդությունից:

Ամեն դեպքում, եթե առկա է խռմփոց՝ պետք է դիմել բժշկի, նրան նկարագրել խռմփոցի բնույթը, կապը որևէ դիրքի հետ, ալկոհոլի և ծխելու սովորությունները, խռմփոցի ժամանակ շնչառության կանգի առկայությունը: Այս ամենի մասին պետք է տեղեկանալ հարազատներից:

Ախտաբանական երևույթները հայտնաբերելու կամ բացառելու համար պետք է իրականացվեն հետևյալ հետազոտությունները.

  • գիշերային պուլսոկսիմետրիա,
  • կարդիո-ռեսպիրատոր գիշերային մոնիթորինգ,
  • պոլիսոմնոգրաֆիա:

Բուժման մեթոդները

Իրականացվում է կոնսերվատիվ-հակաբորբոքային թերապիա` վարակի առկայության դեպքում, օրինակ՝ տոնզիլիտի:

Հակաբակտերիալ պատրաստուքը պետք է ընտրել քիթ-ըմպանից վերցրած քսուքում վարակի զգայունությունը դեղի նկատմամբ որոշելուց հետո:

Կատարվում են նաև վիրահատական բուժում, կոկորդի փափուկ հյուսվածքների տարբեր պլաստիկ միջամտություններ, ուվուլոպլաստիկա, քթի պոլիպների հեռացում և այլն:

Կարևոր է նաև քաշի վերահսկումը, վնասակար սովորություններից հրաժարվելը, սնունդ ընդունելը քնելուց նվազագույնը 2 ժամ առաջ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder