Թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել. Խորհուրդներ՝ ԱՆ-ից
Առողջություն
17:45 08/05/2025
Հայաստան

Թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել. Խորհուրդներ՝ ԱՆ-ից

Այս տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սնկից թունավորման 4 դեպք՝ 4 տուժածով։ 

Առողջապահության նախարարությունից նշում են, որ սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն):

Սնկից թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում.

.Սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ:
.Չհավաքել սունկ ճանապարհների եզրերից:
.Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել:
.Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական մոտեցումները, ըստ որոնց` թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը:
.Չուտել հում սունկ:
.Երեխաների սննդում սունկ չներառել:
.Խորհորդ չի տրվում ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ:
.Սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր:
.Թարմ սունկը 1 օրից ավելի չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում:
.Չզբաղվել ինքնաբուժմամբ:

Սնկից առաջացած թունավորումները ունենում են սուր ընթացք: Առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամ:

Կլինիկական հիմնական ախտանշաններն են`

.որովայնի կտրուկ ցավը,
.սրտխառնոցը, անընդհատ փսխումները,
.գլխապտույտը, գլխացավը, գիտակցության կորուստը,
.առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, անհագ ծարավի զգացումը,
.դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը,
.հալյուցինացիաները` առանց քնկոտության, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարումը:

Հիշեցնենք, որ առաջին նշանների ի հայտ գալուն պես անմիջապես պետք է դիմել բժշկի: 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder