Հենց կոռուպցիայից ես խոսում, իրենք հիստերիայի մեջ են ընկնում. Մեսրոպ Մանուկյան
Հասարակություն
13:15 08/05/2025
Հայաստան

Հենց կոռուպցիայից ես խոսում, իրենք հիստերիայի մեջ են ընկնում. Մեսրոպ Մանուկյան

«Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում երեկ երեք անգամ ինքն իրեն հերքեց. մեկ ասում է՝ տեղյակ չեմ, հետո մանրամասն անդրադառնում այդ թեմային, վերջում էլ ասում է՝ ես չպետք է քայլեր անեմ, Ավինյանը պետք է անի»,- Երևանի քաղաքապետարանի դիմաց ասուլիսում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին։ 

Նա ընդգծեց, որ երբ «խոսում ես կոռուպցիայից, իրենք ընկնում են հիստերիայի մեջ»։

«Երբ խոսեցինք կոռուպցիայից, մանկապարտեզից, իրենք սարքեցին այս ամբողջ պատմությունը «Հանրապետություն» կուսակցության հետ։ Իսկ «Հանրապետություն» կուսակցության կեղծ ժողովրդավարները և ՔՊ-ն մի մարմին, մի հոգի են»,- ասաց ավագանու ընդդիմադիր անդամը։

Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը «Հանրապետության» կուսակցությունից է։ Օրեր առաջ Տիգրան Տեր-Մարգարյանն ու թիմակիցները հենց թաղապետարանում ծեծի էին ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին, ով Մեսրոպ Մանուկյանի հետ անդրադարձել էր Նոր Նորքի մանկապարտեզի անորակ աշխատանքներին,  քաղաքային իշխանության  թերացումներին, «բացահայտում էին այս իշխանությունների թալանը»։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին  մեղադրանք է առաջադրվել օրեր առաջ Նոր Նորքի թաղապետարանի առաջ իրականացրած ակցիայի համար՝ խուլիգանության հատկանիշներով։ 

Պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ինչո՞ւ են իրեն մեղադրանք առաջադրել, նա պատասխանեց. «Ես չեմ ընդունել ինձ առաջադրված մեղադրանքը։

Մեղադրանքը հետևյալն է՝ մարդուն ստորացնելու հետ կապված խուլիգանություն, որը դրսևորվել է ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելով։ Ես ենթադրյալ տուժողից և ենթադրյալ ստորացվողից պահանջելու եմ առերեսում։ Մենք թաղապետին մի օր ժամանակ էինք տվել, որպեսզի իր լկտի պահվածքի համար ներողություն խնդիրի, ինքը խուլիգանություն է անում, իսկ մերը քաղաքական ակցիա էր։ Մենք խուլիգանություն չենք անում, բայց մեզ որակում են ավելի ծանր մեղադրանք, քան այն մարդուն, որն արել է և՛ խուլիգանույթուն, և՛ խմբակային ծեծ, ընդ որում՝ կազմակերպված»։

Մ.Մանուկյանը կրկնեց, թաղապետարանում շոուն, նաև երեկ Ազգային ժողովում տեղի ունեցածը մեկ նպատակ ունեն՝ շեղել կոռուպցիայի թեմայից։

«Եթե իրավապահ մարմինները նորմալ գործեն, քաղաքական պատվեր չանեն, հիմա Նոր Նորքի թաղապետը պետք է կալանավորված լիներ»,- ասաց Մ. Մանուկյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հենց կոռուպցիայից ես խոսում, իրենք հիստերիայի մեջ են ընկնում. Մեսրոպ Մանուկյան