Հարցաքննվել են պաշտոնատար անձինք, չենք բացառում քրեական հետապնդումները. Գլխավոր դատախազը՝ ԱՆԻՖ-ի գործով
Իրավունք
16:05 08/05/2025
Հայաստան

Հարցաքննվել են պաշտոնատար անձինք, չենք բացառում քրեական հետապնդումները. Գլխավոր դատախազը՝ ԱՆԻՖ-ի գործով

«Ակտիվ նախաքննության փուլում ենք գտնվում, առաջիկայում՝ շատ կարճ ժամանակահատված հետո, նաև քրեական հետապնդման հնարավորությունները չենք բացառում»,-Ազգային ժողովում ՀՀ  դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացմանն ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցին թե ի՞նչ կա, ի՞նչ է կատարվում ԱՆԻՖ-ի գործով։

Վարդապետյանն ասաց, որ ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ քննչական  կոմիտեի հատուկ հանձնարարություններով  գլխավոր վարչության վարույթում գտնվող քննության շրջանակներում քննվում են ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից  բարձր աշխատավարձեր և պարգևավճարներ ստանալու, «Հայկական  ավիաուղիներ» ՓԲԸ, «Ֆլայ Արնա» և տարբեր այլ ընկերությունների հետ համատեղ գործունեության ընթացքում առերևույթ չարաշահումներ թույլ տալու դրվագները։

Նրա ներկայացմամբ, հոդվածները՝ Քրեական օրենսգրքի 277-րդ հոդված, 256-րդ հոդված, մի քանի դրվագներով և մի շարք անձանց վերաբերյալ։  

«Դատական հեռանկար ենք տեսնում վարույթով»,- ասաց Ա.Վարդապետյանը։

Ա.Սիմոնյանի հարցին, նախաքննության  գաղտնիքը չխախտելով՝ կա՞ն, եղե՞լ են արդյոք նախկին, ներկա պաշտոնյաներ, որոնք այս գործով հարցաքննվել են, բացատրություններ են տվել, արդյո՞ք կա հիմա կոնկրետ անձանց հետ կապված մեղադրանքի, հետագա գործողությունների նախապատրաստում կամ ինչ-որ գործընթաց, Աննա Վարդապետյանն ասաց. «Մեկ դրվագով բավական լուրջ գումարի՝ մոտ 2 միլիոն դոլարի մասին է խոսքը, ունենք արդեն հեռանկարով քննություն, նկատի ունեմ քրեական հետապնդման։ Այո, հարցաքննվել են, շարունակում են հարցաքննվել անձինք, պաշտոնատար անձինք, ովքեր առնչություն են ունեցել ԱՆԻՖ-ի գործունեության հետ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հարցաքննվել են պաշտոնատար անձինք, չենք բացառում քրեական հետապնդումները. Գլխավոր դատախազը՝ ԱՆԻՖ-ի գործով