Հայաստանը կստանա ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատան արժեքի մեծ մասը
Իրավունք
22:40 09/05/2025
Հայաստան

Հայաստանը կստանա ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատան արժեքի մեծ մասը

«Հետք»-ը գրում է, որ հայկական կողմն ակնկալում է ստանալ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատան վաճառքից գոյացած միջոցների մեծ մասը: հոդվածում նշվում է, որ այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

«Հիշեցնենք, որ Խաչատրյանների առանձնատունն օտարվել է այս տարվա հունվարի 7-ին 36 մլն դոլարով: Մինչ այդ՝ 2024 թ. հուլիսին, ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ հունիսին Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները ԱՄՆ շրջանային դատարան են ներկայացրել գույքի բռնագրավման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու խնդրանք, և շատ չանցած դատարանի որոշմամբ համաձայնությունը հաստատվել է:

«Դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի,- հայտարարել էր ՀՀ գլխավոր դատախազությունը,- առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը ՀՀ-ին վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմնի միջև բանակցություններ են ընթանում»:

Սրան հաջորդել էր ԱՄՆ-ում Խաչատրյան եղբայրների շահերը պաշտպանող Vinson & Elkins ընկերության հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը 2024 թ. հունիսին դադարեցրել է հետաքննությունը Խաչատրյանների նկատմամբ: «Հետաքննության դադարեցման և բռնագանձման գործի կասեցման որոշման հենքով Արդարադատության դեպարտամենտը և Խաչատրյանները համաձայնություն են ձեռք բերել հանգուցալուծելու նաև բռնագանձման մասով չկատարված պարտավորությունների հարցը։ Որոշվել է, որ Հոլմբի Հիլզի անշարժ գույքը կվաճառվի, և ստացված հասույթը կբաշխվի կողմերի միջև: Ընդ որում՝ Հոլմբի Հիլզի գույքի վաճառքից ստացված մի մասը կտրամադրվի Խաչատրյաններին, իսկ մյուս մասը՝ Խաչատրյանների դիմումով կտրամադրվի Հայաստանի Հանրապետությանը՝ ի շահ հայ ժողովրդի»,- հայտարարել էին Խաչատրյանների փաստաբանները:

Առանձնատան վաճառքից հետո՝ հունվարին, «Հետքը» գլխավոր դատախազ Վարդապետյանին հարցրել էր, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերել հայկական կողմը ամերիկյան գործընկերների հետ, և արդյոք Խաչատրյանները նույնպես բաժին են ստանալու տան վաճառքից: Հետաքրքրվել էինք նաև, թե ինչպես է բաժանվելու 36 մլն դոլարը, բացի դրանից՝ արդյոք ՀՀ-ին փոխանցվելիք գումարի մասով Խաչատրյանները ևս դեր են խաղացել, ինչպես պնդել են նրանց փաստաբանները: Սակայն Գլխավոր դատախազությունից որևէ նորություն չէին հայտնել՝ հավելելով. «Հրապարակման ենթակա նոր տեղեկատվության առկայության դեպքում ՀՀ դատախազությունը հանրային իրազեկման շրջանակում հանդես կգա նոր հրապարակմամբ»:

Նոր հրապարակում չեղավ, բայց, փաստորեն, նոր տեղեկատվություն կա:

Ահա, թե ինչ է հայտնել Աննա Վարդապետյանը Հանրային հեռուստաընկերության եթերում. «Առանձնատունն օտարվեց այս տարվա սկզբին, և ամերիկյան գործընկերների հետ մենք բավական բարդ և պրոֆեսիոնալ ճանապարհ անցանք. մի շարք փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ էին նրանց, որպեսզի անշարժ գույքը հնարավոր լինի արգելադրել ԱՄՆ-ում, ՀՀ դատախազությունը տրամադրեց, և այդ փաստաթղթերի հիման վրա գույքն արգելադրվեց, իսկ հետագայում Խաչատրյան ընտանիքը որոշեց ԱՄՆ իրավասու մարմնին հաշտություն առաջարկել, ըստ որի՝ գույքի վաճառքից 85 %-ը տալիս են ԱՄՆ կառավարությանը, իսկ 15 %-ը մնում է իրենց: Դրանից հետո սկսեցինք խոսել մեր գործընկերների հետ, քանի որ օտարերկրյա տարածքում գտնվող գույքի արժեքի որոշ տոկոս (նման չգրված կանոն կա) մենք պետք է զիջենք տվյալ երկրին: Ամերիկացի գործընկերների հետ այս պահին բանավոր պայմանավորվածություն ունենք, որ, իրենց պնդմամբ, պատկերացնում են, որ գումարի մոտ 80 %-ը պետք է փոխանցեն ՀՀ-ին: Մեզնից ակնկալվող բոլոր գործողությունները կատարել ենք, սպասում ենք ամերիկյան կողմի գործողություններին»,-ասում է հոդվածագիրը:  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder