«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի ՔՊ վարչությունը վերից վար փոխելու
Օրվա մամուլ
08:42 09/05/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի ՔՊ վարչությունը վերից վար փոխելու

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն այս օրերին լծված է նաև սեպտեմբերի վերջին սպասվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր անդամներ փնտրտուքի գործին:

Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ՔՊ վարչությունը վերից վար փոխելու, ու դա է պատճառը, որ այսօրվանից զտում է ՔՊ-ականներին ու ամենավստահելիներին է պատրաստվում վարչություն բերել: Իհարկե, նա խիստ գաղտնի է պահում այն անձանց անունները, ում հետ նպատակ ունի աշխատելու, ու ՔՊ-ականներն այս օրերին թեժ քննարկումների մեջ են այդ հարցերի կապակցությամբ: Շատերը մասնավոր զրույցներում նշում են, թե հստակ է, որ Փաշինյանն իր վարչությունում կպահի Վահագն Ալեքսանյանին, Ռուբեն Ռուբինյանին, Արուսյակ Մանավազյանին (կներառի) և Գևորգ Պապոյանին: Վարչության մնացած անդամների ապագան իշխող թիմի վերնախավում այս պահին հարցականի տակ է: Հիշեցնենք, որ ՔՊ վարչության վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2022 թվականի նոյեմեբերի 4-ին, որը սկանդալային ավարտ ունեցավ, քանի որ ՔՊ-ն իր ներսում կեղծել էր վարչության ընտրությունները։

Հիշեցնենք, թե ինչպես էր ամեն բան տեղի ունեցել։ ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, որ ի սկզբանե վարչության անդամությունում չէր հայտնվել, կուսակցության անդամներից մեկի համակարգչի վրա նկատել էր այն շրջանառվող ցուցակը, որտեղ գրված է եղել՝ ով պետք է անցնի վարչություն, ով՝ ոչ: Նա լուսանկարել էր շրջանառվող այդ ցուցակն ու վերահաշվարկ պահանջել: Արդյունքում՝ ինքն ու Փամբուխչյանը մտան վարչություն, իսկ Հայկ Կոնջորյանը դուրս մնաց»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder