Հնդիկ զբոսաշրջիկները բոյկոտում են Ադրբեջան և Թուրքիա այցելությունները
Հասարակություն
20:56 09/05/2025
Տարածաշրջան

Հնդիկ զբոսաշրջիկները բոյկոտում են Ադրբեջան և Թուրքիա այցելությունները

Հնդկաստանի հետ նոր լարվածության ընթացքում Պակիստանին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ցուցաբերված բաց և անվերապահ աջակցությունը սուր դժգոհություն է առաջացրել Նյու Դելիում: Այս մասին գրում են նաև ադրբեջանական լրատվամիջոցները։

Սոցիալական ցանցերում սկսվել են տարածվել Հնդկաստանի քաղաքացիներին ուղղված կոչեր՝ ձեռնպահ մնալու այդ երկրներ ճանապարհորդելուց, որոնք շուտով վերաճեցին խոշոր տուրիստական ​​ընկերությունների կողմից կազմակերպված բոյկոտի:

Cox & Kings-ը առաջիններից մեկն էր, որ արձագանքեց՝ հայտարարելով Ադրբեջան, Թուրքիա և Ուզբեկստան տուրիստական ​​ուղևորությունների դադարեցման մասին:

«Վերջին իրադարձությունների լույսի ներքո մենք որոշում  ենք  կայացրել՝ կասեցնել Ադրբեջան, Ուզբեկստան և Թուրքիա բոլոր նոր տուրիստական ​​առաջարկները: Այս որոշումը թելադրված է մեզ և մեր երկրի համար մեծ նշանակություն ունեցող սկզբունքներին մեր նվիրվածությամբ», - ասել է ընկերության տնօրեն Կարան Ագարվալը:

Հարկ է նշել, որ Ուզբեկստանը պաշտոնապես չի դատապարտել Հնդկաստանի կողմից մայիսի 7-ին Պակիստանի դեմ սկսված «Սինդուր» գործողությունը՝ սահմանափակվելով երկու կողմերին զսպվածության կոչով։ Սակայն, հաշվի առնելով Տաշքենդի սերտ կապերը Իսլամաբադի հետ, Cox & Kings-ը Ուզբեկստանը ներառել է կասեցված ուղղությունների ցանկում։

Հնդկական EaseMyTrip տուրիստական ​​գործակալությունը նմանատիպ դիրքորոշում է ընդունել՝ ընդգծելով հնդիկ զբոսաշրջիկների անվտանգության ապահովման կարևորությունը։ Իր հայտարարության մեջ հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Նիշանտ Փիթին ընդգծել է. «2025 թվականի ապրիլի 22-ին Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից և Հնդկաստանի ու Պակիստանի միջև ռազմական լարվածությունից հետո, ցավոք, պետք է նշել, որ Թուրքիան և Ադրբեջանը աջակցություն են հայտնել Պակիստանին։ EaseMyTrip-ը խստորեն խորհուրդ է տալիս սահմանափակել այդ երկրներ ուղևորությունները, եթե դա բացարձակապես անհրաժեշտ չէ»։

Travomint-ը նաև հայտարարել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցության լիակատար դադարեցման մասին՝ կոչ անելով իր հաճախորդներին զերծ մնալ այդ երկրներ ուղևորություններից։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder