Պարոն Դանիելյան ջան, ձեր տղամարդ ընկերներն էլ ինձ են սպառնացել տարբեր բաներով՝ ոչ միայն քրեական գործերով. Անահիտ Մանասյանը՝ պատգամավորին
Իրավունք
17:29 13/05/2025
Հայաստան

Պարոն Դանիելյան ջան, ձեր տղամարդ ընկերներն էլ ինձ են սպառնացել տարբեր բաներով՝ ոչ միայն քրեական գործերով. Անահիտ Մանասյանը՝ պատգամավորին

«Պետք չի հիշացնել ինձ, որ ես տղամարդ եմ, ես էլ կարող եմ ձեզ հիշեցնել, որ կին եք։ Այսինքն էդ ինչ ասելու բան է՝ տղամարդ եք»,-խորհրդարանում ՄԻՊ Անահիտ Մանասյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Մինչ այդ Դանիելյանը ընթերցեց իր անձի վերաբերյալ ՄԻՊ-ի հայտարարությունը, որում ասվում էր .«Սույն անձի նման վարքագիծը ոչ միայն անընդունելի է, այլև իր իրականացրած մնացյալ քայլերի համատեքստում առերևույթ կարող է պարունակել նաև Քրեական օրենսգրքով սահմանված արարքի հատկանիշներ»։

Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց, թե երբ է դատապարտվելու և արդյոք ՀՀ ՄԻՊ-ը ճիշտ է համարում, որ քաղաքական գործչի կողմից խնդիրների, քաղաքացիների բողոքների բարձրաձայնման համար նման արձագանք լինի։

ՄԻՊ տարեկան զեկույցը ներկայացնող Անահիտ Մանասյանն էլ ասաց, թե Դանիելյանը քաղաքական գործիչ լինելուց առաջ տղամարդ է և կարող էր իր կամ աշխատակցի հետ կապ հաստատեր և խնդիրը պարզել, ոչ թե հրապարակային հարցադրել, իսկ մեջբերված հայտարարությունն ինքը չի արել, այլ ՄԻՊ աշխատակազմի հայտարարության տեքստից է երևի։

Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ ՀՀ ՄԻՊ-ը ոչ թե պետք է մտահոգություններ հնչեցնի , այլ կոնկրետ գնահատականներ տա կոնկրետ պետական օղակների տարած աշխատանքներին։

 Նա Մանասյանին հորդորեց իրեն չհամոզի, որ այդ ոլորտում իրենից շատ գիտելիք ունի, քանի որ նպատակ չունի ոլորտային հարցերում մրցելու ՄԻՊ-ի հետ։

«Դուք հրապարակային հայտարարություն եք արել՝ սպառնացել եք քրեական գործով, ես էլ ուզում եմ ձեզ հարցնել, թե որն է դրա պատճառը»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

 ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը  արձագանքեց՝ ասելով. «Պարոն Դանիելյան ջան, ձեր տղամարդ ընկերներն էլ ինձ են սպառնացել տարբեր բաներով՝ ոչ միայն քրեկան գործերով և ես դրա մասին հրապարակային չեմ խոսում»։

 Նա հայտնեց, որ մարդկային և էթիկական տեսանկյունից չի ցանկանում հրապարակային խոսել և առանձին զրույց կունենա պատգամավորի հետ։

 «Այնպես եք խոսում, որ կարծես թե դոկտորական եք պաշտպանել, թե ինչպես պետք է ՄԻՊ-ը աշխատի, դա այդպես չէ»,-եզրափակեց Մանասյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder