Հարցված Հայաստանի 42 խոշոր ձեռնարկություններից 18-ը «կոռուպցիան» որպես բիզնեսի ամենամեծ խոչընդոտ է նշել. Հայկազ ֆանյան
Տնտեսություն
09:22 13/05/2025
Հայաստան

Հարցված Հայաստանի 42 խոշոր ձեռնարկություններից 18-ը «կոռուպցիան» որպես բիզնեսի ամենամեծ խոչընդոտ է նշել. Հայկազ ֆանյան

«Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը գրում է.

«Օրերս, Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի երկար սպասված Enterprise Survey-ը՝ ֆինանսների մատչելիությունը ձեռնարկությունների կողմից շարունակում է ընկալվել որպես գործարարության ամենամեծ խոչընդոտը, հարցվածների 24.7%-ը ընտրել են հենց այս գործոնը։

Հետաքրքրիր իրավիճակ է ստեղծվել կոռուպցիայի շուրջ՝ հատուկենտ փոքր և միջին ձեռնարկություններ են նշել «կոռուպցիան» որպես բիզնեսի ամենամեծ խոչընդոտ, այնինչ հարցված 100+ աշխատող ունեցող 42 ձեռնարկություններից 18-ը նշել են այն որպես ամենամեծ խոչընդոտ։

Երկու բացատրություն կարող է լինել՝

1. Կոռուպցիայի վրա բռնվելու ռիսկը, հետևաբար նաև reward-ը բարձրացել է, այսինքն «ծառայության գինը բարձրացել» է ու էլ պաշտոնյաները, հայերեն ասած, չեն «խուրդվում», ինչի արդյունքում կոռուպցիան միայն խոշորներին է հանդիպում/խոչընդոտում, կամ

2. Խոշորների համար մնացած խնդիրները արդեն լուծվել են ու տակը մնացել է կոռուպցիան, որը վերածվել է ամենամեծ խոչընդոտի․․․

Եթե կան այլ տարբերակներ, սիրով կլսեմ․․․»

ACSES_charts-ը հայտնում է.«ՀՀ գործարար միջավայրի 5 ամենամեծ խոչընդոտները | 2024

Համաշխարհային բանկի Enterprise Survey-ի տվյալների համաձայն՝ ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար ամենամեծ խոչընդոտ է համարվում ֆինանսների մատչելիությունը, ինչը որպես առաջնային խնդիր նշել է հարցված 375 ձեռնարկություններից 93-ը (24.7%)։ Այս խոչընդոտին հաջորդում են քաղաքական անկայունությունը (19%) և ոչ ֆորմալ ոլորտի պրակտիկան (13.7%)։

Պատկերն տարբերվում է, երբ խոչընդոտները դիտարկվում են ըստ հարցված ձեռնարկությունների չափերի։ Օրինակ՝ խոշոր ձեռնարկությունների դեպքում ամենամեծ խոչընդոտը համարվում է կոռուպցիան, որն ընտրվել է հարցված 42 խոշոր ձեռնարկություններից 18-ի կողմից, իսկ փոքր և միջին ձեռնարկությունների դեպքում առաջնային խնդիր է ֆինանսների մատչելիությունը, որն ընտրվել է 223 փոքր ձեռնարկությունների 22.9%-ի և 110 միջին ձեռնարկությունների 31.5%-ի կողմից։

Ռեսպոնդենտներին ներկայացվել է բիզնես միջավայրին առնչվող խոչընդոտների ցանկ և առաջարկվել՝ նշվածներից ընտրել իրենց համար ամենամեծ խոչընդոտը»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հարցված Հայաստանի 42 խոշոր ձեռնարկություններից 18-ը «կոռուպցիան» որպես բիզնեսի ամենամեծ խոչընդոտ է նշել. Հայկազ ֆանյան