Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ինչո՞ւ է Սրբուհի Գալյանը հիմա փորձում մարդասիրական ժեստեր անել՝ ցմահ դատապարտյալների դեպքից մեկուկես ամիս անց
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ապրիլի 3-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հինգ խցերում արձանագրված դաժան ծեծի ահազանգից գրեթե մեկուկես ամիս անց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, վերջապես, այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ և հանդիպել ցմահ դատապարտյալներին։ Հասարակության շրջանում հարցեր են առաջանում՝ արդյո՞ք սա փորձ է մեղքերը քավելու, իրավիճակը մեղմելու և դատապարտյալներին հանգստացնելու, որպեսզի վերջիններս զերծ մնան հետագա բողոքներից։
Արձանագրենք, որ ապրիլի 3-ի դեպքերի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 454-րդ հոդվածի 2-րդ մասով (պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելը)։
Հարցն այն է, թե ինչու հենց այդ օրերին Գալյանը չգնաց «Նուբարաշեն» և չլսեց ծեծի ենթարկված դատապարտյալներին՝ առաջին ձեռքից պարզելու կատարվածի մասշտաբը։
Ինչո՞ւ է հիմա փորձում մարդասիրական ժեստեր անել։ Միգուցե քրեական վարո՞ւյթն է մտահոգում նախարարին, և նա փորձում է կանխել հնարավոր բացահայտումները՝ քաղաքական ու հանրային հետևանքներից խուսափելու համար։
Չի բացառվում նաև, որ այս այցը նպատակ ունի շահել դատապարտյալների սրտերը՝ ներսի լարվածությունը մեղմելու և վարչական համակարգում վստահությունը վերականգնելու համար։ Ոմանք չեն բացառում, որ իրավիճակը մեղմելու ճանապարհին հնարավոր են պաշտոնանկություններ՝ վերևից ցած՝ ուղղահայաց սկզբունքով։
Թե ինչ զարգացումներ կհետևեն նախարարի ուշացած այցին, հայտնի կդառնան ժամանակի ընթացքում։ Իսկ այս շրջանում մնում է միայն հուսալ, որ բանտի փակ դռների հետևում իրականում մարդասիրություն է դրսևորվում, ոչ թե քաղաքական հաշվարկ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: