Հաուսերի հետ նույնիսկ մտածում ենք համերգային ծրագրերի մասին. քանոնահար Բելլա Պապիկյան
Մշակույթ
16:43 15/05/2025
Հայաստան

Հաուսերի հետ նույնիսկ մտածում ենք համերգային ծրագրերի մասին. քանոնահար Բելլա Պապիկյան

Սոցիալական հարթակներում մեծ լսարան ունեցող և լայն ճանաչում վայելող, ազգային նվագարան քանոնը միջազգայնորեն հանրահռչակող երաժիշտ Բելլա Պապիկյանը ելույթ կունենա Հայաստանում։  Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Բելլա Պապիկյանը ելույթ կունենա  Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբ հետ։

Բելլայի հայրիկը՝ քամանչահար Հրանտ Պապիկյանը, նույնպես նվագում է ազգային նվագարանների պետական նվագախմբում։

Բելլան Հ1-ի «Առավոտ լուսո» ծրագրում պատմել է, որ նախապես ցանկացել է դառնալ դաշնակահարուհի. «Ծնողներս ասացին, որ եթե  նվագեմ դաշամուր, միայն նվագելու եմ դաշնամուր, եթե նվագեմ քանոն, տիրապետելու եմ նաև դաշնամուրին, հիմա այդպես է՝ տիրապետում եմ երկու գործիքին էլ։ Քանոնի հանդեպ սեր ի սկզբանե չկար՝ փոքր աղջնակ, տանել-բերել այդ մեծ գործիքը... Առաջին, երկրորդ դասարանից մասնակցում էի միջազգային փառատոների, գրավում բարձր տեղեր, սկսեցի սիրել գործիքը։ Փաստորեն, կյանքիս լավագույն  ընտրություններից մեկն է»։

Բելլա Պապիկյանը հիմնականում ապրում և գործունեություն է ծավալում Արաբական Միացյալ Էմիրություններում. «Արաբական երկրներում համարում են, որ քանոնն իրենց երկրին է պատկանում, բայց միշտ ասում եմ՝ քանոնը հայկական է, այն քանոնը, որի վրա ես եմ նվագում, հայկական է, որովհետև ունի հայկական լադ, հայկական  հնչողություն։

Ապրելով Դուբայում՝ հիմնականում նվագում եմ արաբական մեղեդիներ, մեծամասամբ արաբական միջոցառումների ժամանակ եմ ելույթ ունենում։ Երբ առիթ է լինում ելույթ ունենալ հայկական միջոցառումների ժամանակ, օրինակ դեսպանատան կողմից կազմակերպված, մեծ ուրախություն է, քանի որ նվագում եմ  իմ հոգու, իմ սրտի երաժշտությունը»։

Բելլա Պապիկյանը  համագործակցում է աշխարհահռչակ խորվաթ թավջութակահար Ստեփան Հաուսերի հետ։

Խոսելով Հաուսերի հետ համագործակցության մասին՝ նա ասել է. «Տարիներ առաջ, երբ նոր էի տեղափոխվել Էմիրություններ, արդեն իմ տեսանյութերը սկսել էին հայտնի դառնալ, հայկական  ամսագրերից մեկին տվեցի հարցազրույց,  մի կետ կար՝ ո՞վ է այն երաժիշտը, ում  հետ կցանակամ մի օր նվագել կամ նույն բեմում հայտնվել։ Նշել էի Հաուսերին։ 5-6 տարի առաջ էր։ Կյանքում չէի սպասի, որ այդ օրը կգա, քանի որ ինձ համար գնալ իր համերգին, դա երազանք էր։

Նա գտնվում էր Միացյալ Էմիրություններում, միտք առաջացավ իրեն նամակ գրել։

Գրեցի, մեկ ժամ անց ստացա պատասխան։ Ուրախությունից թռչկոտում էի, ինձ համար շոկային էր, անսպասելի, որ համաշխարհային արտիստը հավանել էր իմ տեսանյութերը, իմ գործքը համարում էր ունիկալ, որոշել էր ինձ հետ համագործակցել։

Մեր տեսանյութերը գտան բուռն արձագանք, նույնիսկ իր էջում ամենաշատ դիտում ունեցած տեսանյութերը մեր համատեղ տեսանյութերն են։

Ջերմ հարաբերությունների մեջ ենք։ 7-ից ավելի տեսահոլովակ ունենք։ Նոր համագործակցություններ սպասվում են, իհարկե, հետագայում նույնիսկ մտածում ենք համերգային ծրագրերի մասին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հաուսերի հետ նույնիսկ մտածում ենք համերգային ծրագրերի մասին. քանոնահար Բելլա Պապիկյան