«Ժողովուրդ». Սպասվում են կառավարության կազմի փոփոխություններ
Օրվա մամուլ
08:40 16/05/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Սպասվում են կառավարության կազմի փոփոխություններ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում սպասվում են ոչ միայն իշխանական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում կադրային վերադասավորումներ, այլև կառավարության կազմի փոփոխություններ: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է որոշում էական թարմացումներ կատարել բոլոր գերատեսչություններում։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Կառավարությանը ենթակա մարմիններում վերջին շաբաթներին նկատվում է գերլարված մթնոլորտ: Տարբեր կառույցներում իրականացվում են հսկայածավալ ստուգումներ. պահանջվում են բազմաթիւ փաստաթղթեր՝ ներառյալ անցած տարիների հաշվետվություններն ու պաշտոնական գրագրությունները։ Աղբյուրները նշում են, որ հավաքագրվում են դոսյեներ, որոնք ներկայացվում են անձամբ Փաշինյանին։

Հատկապես զգալի զգուշություն է տիրում Կառավարության ստորաբաժանումներում. բազմաթիվ աշխատակիցներ տարբեր օղակներից ահազանգեր են ստանում՝ փաստաթղթերը կարգի բերելու ու անակնկալների պատրաստ լինելու մասին։

Ըստ տեղեկությունների՝ այս «վերահսկողական օպերացիան» ներառում է նաև Երևանի վարչական շրջանները։ Վարչապետը, մեր տեղեկություններով, արդեն հստակ նախազգուշացրել է իր թիմակիցներին խստորեն հետևել տեղի ընթացակարգերին և լինել առավել զգոն։

Իշխանական շրջանակներից հնչող լուրերը վկայում են, որ Փաշինյանը ստացել է ահազանգեր՝ վարչական շրջաններում ձևավորված լուրջ կոռուպցիոն սխեմաների մասին։ Դրա արդյունքում այնտեղ նույնպես լարվածություն է նկատվում։ Շատերը փորձում են կանխել հնարավոր բացահայտումները՝ արագ կարգի բերելով իրենց հաշվետվությունները։

Թե ուր կհասնի այս լայնածավալ «մաքրող գործողությունը» և ովքեր կհայտնվեն դրա թիրախում՝ առայժմ հստակ չէ։ Բայց այն, որ վարչապետը լրջորեն տրամադրված է վերահսկողական լծակները գործի դնելու և թիմի ներսում «մաքրում» կատարելու հարցում՝ փաստ է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder