Լևոն Զուրաբյան. Հայաստանում այլևս չկա բուն հայկական օրակարգ, այսօր կան օտարածին օրակարգեր
Քաղաքական
14:42 17/05/2025
Հայաստան

Լևոն Զուրաբյան. Հայաստանում այլևս չկա բուն հայկական օրակարգ, այսօր կան օտարածին օրակարգեր

«Հայաստանում այլևս չկա բուն հայկական օրակարգ, այսօր կան օտարածին օրակարգեր»,-բանախոսության ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։

Նրա խոսքով, այսօր մեր երկիր արևմուտքն իր օրակարգով է մտնում, Ռուսաստանը՝ իր օրակարգով, Ադրբեջանն ու Թուրքիան՝ քողարկված օրակարգերով, պետական ամենաբարձր պաշտոններում իրենց գործակալներով։

«Եվ այդ մարդիկ  իրականացնում են հենց այդ պետությունների գաղափարները, եթե կա գաղափարական մրցակցություն, ապա դա մրցակցություն է տարբեր պետությունների կողմից մեզ պարտադրվող օրակարգերի միջև։ Քանի դեռ մեր ժողովուրդը մնալու է այսպես բզկտված, բաժանված, չի ձևավորելու իր իրական, ազնիվ, անկեղծ օրակարգը, մենք ոչ մի հաջողության չենք հասնի։ Այսօրվա կարևոր խնդիրը նոր հայկական օրակարգի ձևավորումն է»,-ընդգծեց Լևոն Զուրաբյանը։

Այդ նպատակով, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, սկսելու են հանդիպումների շարք, հրավիրելու են տարբեր մարդկանց, որոնք ասելիք ունեն դրա վերաբերյալ։

«Դա մենք հռչակում ենք ազգային նպատակ, որ նման պլատֆորմ, օրակարգ ձևակերպվի, որը բխում է հայ ազգի շահերից, մենք դա կորցրել ենք, պետք է վերագտնենք ու դարձնենք մեր հաջողությունների գլխավոր երաշխիքը»,-ասաց նա։

ՀԱԿ փոխնախագահը հիշեցրեց՝ մենք ունեցել ենք հայկական օրակարգ՝ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ, որն  ունեցել է պատմություն, անցել է էվոլյուցիա, ունեցել է շատ ծանր վախճան։

«Մինչև մենք չհասկանանք, թե ինչպես կարող էր մեր անկեղծ, ժողովրդի շահերից բխող օրակարգը հասնել այս վախճանին, չենք կարողանա արտադրել նոր օրակարգեր, չենք կարող հասկանալ, թե որն է նոր օրակարգի հիմքն ու հաջողությունը։ Դա եղել է մեր առաջին ու առայժմ միակ հայկական օրակարգը»,-նշեց Զուրաբյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder