Ժաննա Անդրեասյանն այցելել է վերջին օրերին ուշադրության կենտրոնում հայտնված Մերձավանի և Մխչյանի դպրոցներ
Կրթություն, գիտություն
13:33 17/05/2025
Հայաստան

Ժաննա Անդրեասյանն այցելել է վերջին օրերին ուշադրության կենտրոնում հայտնված Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի և Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցներ՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հանդիպելու դպրոցների աշխատակազմերի հետ:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, քննարկվել են ուսումնական հաստատություններում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջ, հարգալից և անվտանգ միջավայրի ապահովմանը։

Նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ խնդիրների կարգավորման և առաջիկա օրերին ուսումնական տարվա ամփոփման աշխատանքների պատշաճ կազմակերպման վերաբերյալ։

Մերձավան և Մխչյան համայնքների դպրոցները կգտնվեն հատուկ մշտադիտարկման ներքո՝ բոլոր խնդիրների մանրամասն ուսումնասիրության և անհրաժեշտ քայլերի իրականացման նպատակով։

Հիշեցնենք, որ այս շաբաթվա ընթացքում հայտնի դարձավ այս դպրոցներում միջադեպերի մասին։ Մասնավորապես, Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։

Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցի բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։ Տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ),  4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ժաննա Անդրեասյանն այցելել է վերջին օրերին ուշադրության կենտրոնում հայտնված Մերձավանի և Մխչյանի դպրոցներ