Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչու է Թատրոնի և կինոյի ինստիտուտի գրադարանը տեղափոխվել
Թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում փակվել է գրադարանը։
«Լսեցի, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում որպես ավելորդություն փակվել ու լիկվիդացվել է ինստիտուտի գրադարանը։ Ապշահար եմ»,- գրել է նա։
Զ.Բոյաջյանի գրառմանն արձագանքել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վովա Արզումանյանը. «Հարգելի՛ պարոն Բոյաջյան, Ձեր գրառման բովանդակությունն իրականությանը չի համապատասխանում։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ գրադարանը տեղափոխվել է այլ տարածք և շարունակում է իր բնականոն աշխատանքը:
Ամբողջ գրականությունը պահպանվում է պահոցներում: Նշենք, որ ամառվա ընթացքում ինստիտուտի բակում կառուցվելու է երկհարկանի գրադարան, որը հիմա նախագծման վերջին փուլում է: Շնորհակալություն»։
Նա նաև նշել է, որ ԵԹԿՊԻ-ի գրադարանը տեղափոխվել է 3-րդ հարկ, որտեղ շարունակում է սպասարկել ընթերցողներին. «Գործում է նաև ընթերցասրահը: Դա ժամանակավոր լուծում է՝ մինչև նոր կոնցեպտով ժամանակակից գրադարանի կառուցման ավարտը»։
Երկրորդ գրառմամբ Զ. Բոյաջյանն արձագանքել է Վովա Արզումանյանին. «Թե ինչ է կատարվում Թատրոնի և կինոյի ինստիտուտում
Ինստիտուտի գրադարանը որոշ ժամանակ իրոք փակված է եղել (ես, ըստ էության, ուշացումով եմ արձագանքել), քանի որ ոչ միայն գրադարանի տարածքը, այլև ինստիտուտի ամբողջ առաջին հարկը հատկացվել է Ֆրանսիայի դեսպանատանը թե ինչ-որ ֆրանսիական ինստիտուտի, ըստ երևույթին՝ վարձակալական հիմունքներով: Սրանից հետո բնականաբար գրադարանը (լսարանների հետ մեկտեղ) տեղահանվել է: Օրեր առաջ, եթե չեմ սխալվում, երեք սենյակ զբաղեցնող գրադարանն ի վերջո ծվարել է երրորդ հարկի մի սենյակում և հիմա 5-6 նստարանով մի ընթերցասրահ է, որտեղ լավագույն դեպքում մի քանի հարյուր գիրք կարող է հասանելի լինել: Դե, գրապահոցները ոչ ևս են եղել, մի 30 հազար գիրք լցված է, ինչքան հասկացա, Համազգային թատրոնի պահեստներում, որտեղ հազիվ թե համապատասխան պայմաններ կան գրքեր պահելու համար: Գրադարանավարն էլ, փաստորեն, երրորդ հարկից պիտի շարունակ իջնի նկուղ հարկավոր գիրքը գտնել-բերելու առաքելությամբ:
Եվ էս ամենը, ուրեմն, ինստիտուտի կողմից ներկայացվում է որպես «բնականոն աշխատանք», իսկ նախորդ գրառմանս արձագանքած մի ինստիտուտական էլ լրջորեն հավաստիացնում է, թե կատարվածը «շատ ճիշտ որոշում է», և գրադարանն «ավելի չոր ու լուսավոր տարածք» է տեղափոխվել:
Հա՜, տես, է՛, բայց համոզվա՞ծ եք»։