Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին առաջին անգամ մասնացել է Հայաստանի ներկայացուցիչը
Առողջություն
12:30 20/05/2025
Հայաստան

Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին առաջին անգամ մասնացել է Հայաստանի ներկայացուցիչը

Տրանսպլանտ վիրաբույժ Հայկ Հարությունյանի շնորհիվ Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին առաջին անգամ ծածանվեց նաև Հայաստանի դրոշը։ Մայիսի 13-15-ին Շիրազ քաղաքում՝ հանրահայտ Abu Ali Sinai Charity Hospital-ում տեղի է ունեցել օրգանների փոխպատվաստման հերթական կոնֆերանսը։

«Աբու Ալի Սինա» հիվանդանոցը համարվում է Մերձավոր Արևելքի՝  օրգանների փոխպատվաստման ամենահագեցած կենտրոնը։ Այն առաջինն է աշխարհում, որտեղ իրականացվել է օրգանների փոխպատվաստում ուղեղային մահ արձանագրված դոնորներից։ Տարեկան իրականացվում է շուրջ 600-1000 լյարդի փոխպատվաստում, ինչը գերազանցում է նույնիսկ ԱՄՆ-ի ցուցանիշները։ Այստեղ փոխպատվաստումներ կատարվում են թե դիակային և թե կենդանի դոնորներից՝ ինչպես մեծահասակներին այնպես էլ մանկահասակներին։  Abu Ali Sina համալիրը 4-րդ սերնդի համալսարան է, որտեղ միավորված են բժշկական կենտրոնը, գիտահետազոտական ինստիտուտները, տեխնոլոգիական ստարտափները և հասարակական ծառայությունները։ Այս համալիրը ձգտում է դառնալ Միջին Արևելքի «Քեմբրիջը»՝ իր գիտահետազոտական ներուժով, բարձրորակ կրթությամբ և առողջապահական ծառայություններով։ Abu Ali Sinai Hospital-ում անգամ մարդու մինիուղեղ են աճեցնում, ռեգեներատիվ բժշկությունն են զարգացնում։

Կոնգրեսի շրջանակներում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են դիակային փոխպատվաստման տեսակներն ու խնդիրները, օրգանների (սրտի, լյարդի, երիկամների, թոքերի և ենթաստամոքսային գեղձի) փոխպատվաստման մարտահրավերները, լյարդի հետփոխպատվաստումային շրջանի բարդությունների (Small for size սինդրոմ, Իշեմիկ-ռեպերֆուզիոն վնասում, օրգանի մերժում, շետաբոլիկ խանգարումներ, De novo ուռուցքներ և այլն) վարման առանձնահատկությունները, լապարասկոպիկ և ռոբոտիկ եղանակով լյարդի փոխպատվաստման արդյունքները, լյարդի փոխպատվաստման ռադիոլոգիական և պաթոլոգիական ասպեկտները, արհեստական բանականության դերը փոխպատվաստման մեջ և բազմաթիվ այլ կազմակերպչական հարցեր։ 

Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին ներկա է եղել շուրջ 500 մասնակից՝ ԱՄՆ-ից, Բելգիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Ճապոնիաից և այլ երկրներից։  Հայաստանը ներկայացնում էր ԵՊԲՀ Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, Աստղիկ ԲԿ տրանսպլանտ թիմի կոորդինատոր, վիրաբույժ, բ.գ.թ. Հայկ Հարությունյանը։

Կոնգրեսի շրջանակներում նա հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով Լյարդի փոխպատվաստման նվաճումները, մարտահրավերները և հեռանկարները Հայաստանում։ Ավարտին հնչել են գովեստի խոսքեր Տրանսպլանտ կենտրոնի ղեկավար, Գիտական խորհրդի նախագահ պրոֆեսոր Սաման Նիկեղբալիանի կողմից, որը նաև պատրաստակամություն է հայտնել հետագա համատեղ ծրագրերի իրականացման համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder