ARARAT Երևան ձայնային ուղեցույցը՝ լեգենդար հայկական կոնյակի հարգանքի տուրքը Հայաստանի մայրաքաղաքին
Հասարակություն
16:25 20/05/2025
Հայաստան

ARARAT Երևան ձայնային ուղեցույցը՝ լեգենդար հայկական կոնյակի հարգանքի տուրքը Հայաստանի մայրաքաղաքին

Եթե ցանկացած հայաստանցու և գոնե մեկ անգամ Երևան այցելած զբոսաշրջիկի խնդրենք թվարկել մայրաքաղաքի խորհրդանիշները, առաջին մի քանի վայրը կամ անունը, որ տպավորվել է իր մտքում, հաստատ, Երևանի կոնյակի գործարանն այդ ցանկում է լինելու։ ARARAT-ն ու Երևանը միաձուլված են՝ ճարտարապետությամբ ու երևանյան բույրով, բույր, որում կոնյակն անբաժանելի մաս է։ Հիմա ARARAT-ը շարունակում է ձեռք ձեռքի քայլել Երևանի հետ։ Երևանցիներին, հայաստանցիներին կարող է թվալ, թե իրենք ամեն ինչ գիտեն մայրաքաղաքի պատմական հուշարձանների, պատմական հարուստ ժառանգության մասին։ Իսկ զբոսաշրջիկներին էլ կարող է թվալ, որ Երևանի մի քանի հանրահայտ վայր տեսնելը բավարար է և այսքանով ավարտվում են հազարամյա պատմություն ունեցող երկրի մայրաքաղաքի հրաշալիքները։ ARARAT Երևան ձայնային ուղեցույցը կարող է ապացուցել հակառակը՝ Երևանը շատ չբացահայտված հրաշալիքներ ունի։

ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է իր նոր մշակութային նախագիծը նվիրված մայրաքաղաք Երևանին։ ARARAT Երևան ձայնային ուղեցույցը լեգենդար հայկական կոնյակի հարգանքի տուրքն է Հայաստանի մայրաքաղաքին, նրա մշակութային բազմազանությանը և պատմական հարուստ ժառանգությանը։ Այս նախագիծը ARARAT-ի` մայրաքաղաք Երևանի հանդեպ խորը նվիրվածության  և անկեղծ սիրո խորհրդանիշն է, որում իր արձագանքն է գտնում քաղաքի ջերմ միջավայրն ու ոգին։

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հասանելի ARARAT Երևան ձայնային ուղեցույցը հրաշալի հնարավորություն է երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար՝ բացահայտելու հին քաղաքի նոր եզրերը, պատմություններ լսելու նրա ճարտարապետական կառույցների մասին։

Երևանի կոնյակի գործարանի վաճառքների և շուկայավարության տնօրեն Անուշ Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում ներկայացնելով ARARAT թանգարանի և Երևանի կոնյակի գործարանի նոր մշակութային ծրագիրը՝ նշեց, որ ARARAT բրենդ ստեղծողները շատ են սիրում Երևանը, իսկ Երևանի կոնյակի գործարանը շատ սերտ կապ ունի քաղաքի հետ, գործարանի շենքը մեծ նշանակություն ունի քաղաքի համար։

«Ձայնային ուղեցույցը պարզապես հետագիծ չէ, այլ Երևանի հանդեպ սիրո պատմություն»,- ասաց նա։

ARARAT Երևան ձայնային ուղեցույցն առաջարկում է մոտ մեկ ժամ տևողությամբ զբոսանք Երևանի կենտրոնով, որը մեկնարկում է Ռադիոյի տան մոտ և բերում ունկնդրին «Ֆենիքս» բար։ Ավելին, զբոսանքի ավարտին ձայնային ուղեցույցը կմատուցի հաճելի անակնկալ: 

Ա.Համբարձումյանը նշեց, որ ընտրվել է կոնկրետ այդ երթուղին, քանի որ այդ  ճանապարհին կան տարբեր պատմական, պատմամշակութային շենքեր, որոնք այնքան էլ չեն լուսաբանվում տարբեր տուրերի ընթացքում. «Որոշեցինք ընդգրկել այն ամենը, ինչ անտեսվել է մինչև հիմա»։

Հետաքրքիր է, որ ձայնային ուղեցույցում ներառված չէ Երևանի կոնյակի գործարանը, բայց նախագիծը մեկնարկում է հենց այստեղ՝ ARARAT թանգարանում։ Դա ունի իր բացատրությունը։

«Մեզ համար կարևոր է Երևանը բացահայտել այլ կողմից՝ ոչ միայն Երևանի կոնյակի գործարանի մասին պատմելով։ Համոզված ենք՝ այս շրջայցի ընթացքում յուրաքանչյուրը նորովի կբացահայտի Երևանն ու հաճույք կստանա»,- ասաց Ա. Համբարձումյանը։


Ձայնային ուղեցույցի առանձնահատկություններից մեկն այն է, որ առաջարկված հետագծի շրջանակներում ձեզ հետ կզբոսնի լրագրող և գրող, Երևանի մասին մի շարք գրքերի հեղինակ Մարկ Գրիգորյանը, ով ներկայացնում է ոչ միայն զարմանահրաշ պատմություններ, այլև կիսում ձեզ հետ Երևանի հանդեպ իր անկեղծ հույզերը։

«Իմ քաղաք»՝  այսպես է բնութագրում Երևանը Մարկ Գրիգորյանը, ով ցանկացել է իր ունեցած գիտելիքները, տեղեկությունները Երևանի մասին փոխանցել շատերին։

«Ես իմ առջև խնդիր էի դրել՝ քայլել երևանյան փողոցներում, փորձել պատմել ամեն շենքի մասին։ Չեմ կարող ասել, որ պատմել եմ բոլոր շենքների մասին։ Ուրախ եմ իմ գիտելիքները, իմացածը կիսել երևանցիների, ոչ երևանցիների հետ։ Իրենք կտեսնեն քաղաքի մի փոքրիկ հատված իմ աչքերով»,- լրագրողներին ասաց Մարկ Գրիգորյանը։

Նա նշեց, որ Երևանում կան վայրեր, տեղեր, որոնք ամեն օր տեսնում ենք, բայց չենք պատկերացնում՝ ինչ նշանակություն ունեն, ինչ հետաքրքրաշարժ պատմություն ունեն։

«Այդ զբոսանքի ժամանակ, հուսով եմ, ինձ կհաջողվի ներկայացնել այդ ամենը։ Ուզում եմ իմ գիտելիքների պաշարով կիսվել մարդկանց հետ՝ այն ներկայացնելով պարզ ու մատչելի լեզվով, որպեսզի հասկանալի լինի բոլորին»,- ասաց Մարկ Գրիգորյանը։

Իր կիրառության մեջ մատչելի և հարմարավետ ARARAT Երևան ձայնային ուղեցույցը կլինի ձեր և ձեր հյուրերի լավագույն ուղեկիցը։ Այն հասանելի է https://yerevanguide.araratbrandy.com/ կայքում։

Նշենք, որ ARARAT  թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում գործում է «Երևանի պատմական քարտեզները» ցուցադրությունը, որտեղ ներկայացված են Մարկ Գրիգորյանի և Արմինե Սարգսյանի հեղինակած  «Երևանը քարտեզներում 17-21-րդ դարերում» գրքում ներառված քարտեզները։  Հատուկ՝ ցուցադրությունը սկսվում է մի քարտեզից, որտեղ Երևանը ներկայացված է որպես դրախտ։

Ցուցադրված քարտեզներում կարելի է  տեսնել ինչպիսին էր Երևանը 19-րդ դարի կեսին, Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակ, և, իհարկե, Ալեքսանդր Թամանյանի նախագծած Երևանն ու այսօրվա Երևանը։

«Այս սրահը միշտ բաց է մեր բազմահազար այցելուներին մեր երկրի մշակույթը, նորությունները ներկայացնելու համար։ Նրանք գալիս են բացահայտելու Երևանի կոնյակի գործարանի պատմությունը, կոնյակագործության պատմությունն ընդհանրապես։

Մենք ուզում ենք հանդիսանալ մի հարթակ, որտեղ կներկայացվի Հայաստանի և Երևանի մշակույթն ու պատմությունը նույնպես»,- ասաց Ա. Հարությունյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder