Առաջիկա 10 օրվա ընթացքում կընտրվի Արցախի նոր նախագահ. «Մենք հակված են պահպանվի այնպես, ինչպես կա»
Քաղաքական
11:08 21/05/2025
Հայաստան

Առաջիկա 10 օրվա ընթացքում կընտրվի Արցախի նոր նախագահ. «Մենք հակված են պահպանվի այնպես, ինչպես կա»

Այսօր լրանում է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի նախագահության ժամկետը։ Հիշեցնենք, որ նա Արցախի նախագահն է  2023 թվականի սեպտեմբերի 9-ից։

Panorama.am-ի հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ թեև այսօր լրանում է Սամվել Շահրամանյանի նախագահության ժամկետը, սակայն դա չի նշանակում, որ այսօր պետք է ընտրություն լինի։

Ըստ Արցախի Սահմանադրության, կանոնակարգ օրենքի, նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ այսօրվանից ոչ շուտ քան 7 օր, ոչ ուշ, քան 10 օր։ Այս օրերի ընթացքում կարող են գրանցվել նախագահի թեկնածուներ։

«Հասկանալի է, որ մենք ստանդարտ իրավիճակում չենք, Արցախում չենք, որպեսզի հանգիստ քաղաքական պրոցեսներ տեղի ունենան։ Այդ պատճառով, դեռևս մեկուկես տարի առաջ արդեն իսկ մտածելով այսօրվա մասին, Սահմանադրական փոփոխությունները  կատարեցինք այնպես, որպեսզի նախագահի ինստիտուտը պահպանվի` առանց կոնկրետ մարդկանց մեր առջև ունենալու։ Չնայած բազմաթիվ դժվարությունների՝ մենք հաջողել ենք այդ առումով։

Մեզ համար կարևորն այն է, որ մենք  նախագահի ինստիտուտը պահպանելու ենք, մոտ ժամանակներում հանրությանն էլ կտեղեկացնենք»,- ասաց Մ.Հակոբյանը։

Նա տեղեկացրեց, որ Սահմանադրական փոփոխությունների համաձայն, Արցախի նախագահ պետք է ընտրի Ազգային ժողովը, քանի որ հնարավոր չէ կազմակերպել ընտրություն՝ արցախիցների մասնակցությամբ։ Ազգային ժողովի 2/3-րդը, այսինքն 22 պատգամավոր, պետք է կողմ քվեարկի մեկ թեկնածուի օգտին, որն էլ կընտրվի նախագահ։

Թեկնածուների գրանցման մեկնարկը կտրվի առաջիկա ժամերին։ Այդ ընթացքում Արցախի ԱԺ 5 խմբակցություններից յուրաքանչյուրը կարող է ներկայացնել իր թեկնածուն։

«Մենք այս իրավիճակում պետք է փորձենք հենց սկզբից համախմբված լինենք, կոնսենսուսային թեկնածու լինի։ Փորձում ենք Ազգային ժողովում միասնականություն պահպանել, իրար հետ խորհրդակցել, առանց հաշվի առնելով՝ ով որ խմբակցությունից է, միասին կարգավորենք հարցերը։

Մեր խմբակցությունը չի դիտարկում առանձին թեկնածու, խորհրդակցությունների ընթացքում կտեսնենք՝ առավելագույնն ում շուրջ է կոնսենսուսը։ Առանց փակագծերը բացելու՝ մենք հակված են պահպանվի այնպես, ինչպես կա։

Նույնիսկ եթե ցանկացած խմբակցություն առանձին թեկնածու առաջադրի, ոնց էլ լինի 22 պատգամավոր կա, որոնք հասկանում են իրավիճակը, որևէ ամբիցիաներ չունեն թե անձնական, թե քաղաքական, թե խմբակցային»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։  

Այսպիսով, առաջիկա 10 օրվա ընթացքում կկազմակերպվի Արցախի նախագահի ընտրություն ու հայտնի կդառնա Արցախի նոր նախագահի անունը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առաջիկա 10 օրվա ընթացքում կընտրվի Արցախի նոր նախագահ. «Մենք հակված են պահպանվի այնպես, ինչպես կա»