Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանը վերադառնում է Կովկաս. Մոսկվան կրկին այստեղ տանտեր է դառնում, իսկ Երևանը հնազանդ գլխով է անում
Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսն ավելի շուտ աշխարհքաղաքական դասախոսություն հիշեցրեց, քան երկկողմ դիվանագիտական մտքերի փոխանակում։ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հստակ հասկացրեց՝ Ռուսաստանը վերադառնում է Հարավային Կովկաս, ու հենց նա կթելադրի պայմանները։
Ակնհայտ պասիվ Արարատ Միրզոյանի կողքին Լավրովը սկսեց հարձակում ոչ թե Վաշինգտոնի, այլ Բրյուսելի վրա։ Նա ընդգծեց՝ տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն բացառապես տարածաշրջանի երկրների ու նրանց մոտ հարևանների միջոցով և հստակ հերքեց ԵՄ մասնակցության լեգիտիմությունը։
Լավրովը չքննադատեց ԱՄՆ-ին։ Պուտինի ու Թրամփի հարաբերությունների լռելյայն ջերմացման ֆոնին Լավրովը զգուշորեն շրջանցեց Վաշինգտոնի թեման՝ իր ողջ զայրույթը թափելով Եվրոպայի վրա։ Ուղերձը հստակ էր ու միանշնակ. բազմաբևեռ աշխարհում, որը կառուցում է Մոսկվան, Սպիտակ տան համար տեղ կա, եթե նա գիտի իր տեղը։ Բայց ահա բրյուսելյան մեծամիտ բյուրոկրատների համար տեղ չկա։
Հետո Լավրովն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի թեմային՝ ներկայացնելով, ըստ էության, Ռուսաստանի հակամարտությանը ներգրավվածության վերանայված տարբերակը։ Նրա խոսքով, Մոսկվան վաղուց է հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հարակից հինգ շրջանների՝ Ադրբեջանին վերադարձնելու օգտին, միաժամանակ լուռ համաձայնվելով, որ Լաչինը և Քելբաջարը մնան հայկական վերահսկողության տակ։ Այդ շրջանները, ինչպես նա հաստատեց, այնքան էին ամրապնդվել հայկական առաջնորդների՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից, որ դրանց՝ Ադրբեջանին փոխանցելը գործնականում անհնար էր դարձել։ Լավրովի տարբերակով, Մոսկվան լիովին գոհ էր։ Ինչ վերաբերում է այն հարցին, որ այդ ամրապնդումը տեղի էր ունեցել ռուսական զենքի օգտագործմամբ, Լավրովը չարդարացավ։ Նրա խոսքով, դա լոկ բիզնես է։ Ռուսաստանը զենք է վաճառում, և դրա մեջ արտասովոր բան չկա։
Բայց ամենացուցադրականը նրա գնահատականն էր 2020 թ. կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագրի մասին։ Լավրովը հաստատեց, որ փաստաթղթում Ղարաբաղի կարգավիճակը դիտավորյալ բաց է թողնվել՝ իբր դա Պուտինի հետ անձամբ ձեռք բերված ջենթլմենական համաձայնության արդյունք է։ Այսպիսով, ըստ Լավրովի, Մոսկվան միտումնավոր պահպանել է փխրուն հավասարակշռություն մինչ այն պահը, երբ Հայաստանն ինքն է ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս՝ այդպիսով «խախտելով ամեն ինչ»։
Մամուլի ասուլիսի ողջ ընթացքում Միրզոյանը սահմանափակվեց անորոշ մեկնաբանություններով և քաղաքավարի գլխով անելով։ Ոչ մի հակադարձում, ոչ մի պարզաբանում, առարկելու ոչ մի փորձ։
Ռուսաստանը կրկին վերահաստատում է իր գերիշխանությունը։ Բրյուսելին դեն շպրտեցին։ Իսկ Երևա՞նը։ Երևանը լուռ կանգնած է բարձրախոսի մոտ ու հետևում է, թե ինչպես է նրա ինքնավարությունը մաշվում մեր աչքի առաջ։