Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Վերջին սկանդալներից հետո պատրաստվում է նշել Նոր Նորք համայնքի հիմնադրման օրը. Քաղաքապետարանը հատկացրել է 8 մլն դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետարանը վերջին սկանդալներից հետո՝ սեպտեմբերին պատրաստվում է նշել Նոր Նորք համայնքի հիմնադրման օրը։ Միջոցառման համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 8 մլն դրամ։ «Նոր Նորքի հիմնադրման օրը Միջոցառումը նախատեսվում է կազմակերպել 2025 թվականի սեպտեմբերի 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում (օրն ու ժամը համաձայնեցնել Պատվիրատուի հետ)»։ Միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել Երևանի Գայի 19 հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի բակային տարածքում։ Պաշտոնական բացման արարողությունը պետք է մեկնարկի վերոնշյալ օրը` ժամը 19:00-22:00։
Միջոցառման երգացանկի ժանրերն են՝ ռոք, ջազ, ռեգգի, փոփ, քաղաքային ֆոլկլոր և հեղինակային կատարումներ: Խմբի կատարումները պետք է լինեն ուրախ և ակտիվ՝ բարձր տրամադրություն ապահովող: Յութուբյան դիտումները պետք է լինեն նվազագույնը 1000000: Երեկոյան համերգի համար Կատարողը պարտավոր է ապահովել նաև հայտնի և սիրված 5 ՀՀ էստրադային և ժողովրդական ճանաչված երգիչ-երգչուհիների ներկայություն՝ յուրաքանչյուրը 3-ական կատարմամբ: Մեկ ճանաչված պարային համույթ, ըստ ծրագրի, պետք է ելույթ ունենա 20:00 մինչև 21:30: Երգիչ-երգչուհիների ընտրությունը, բենդի ընտրությունը նախապես պետք է համաձայնեցվի Պատվիրատուի հետ:
Հարկ է նշել և հիշեցնել, թե ինչպես պայթեց Նոր Նորքի թաղապետարանի սկանդալը։ Արդեն երեք տարի քաղաքային խնդիրները բարձրաձայնող, կոռուպցիոն գործարքների մասին ահազանգող Արթուր Չախոյանի ու Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի միջև կռիվ էր ընկել ակտիվիստի վերջին բացահայտումից հետո: Չախոյանն ու Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը Մասիվի մանկապարտեզի թերություններն էին ուղիղ եթերով ցույց տալիս. պատի քարերը, ներկը, ասֆալտը հեշտությամբ պոկվում ու մնում էին նրանց ափերի մեջ: Մանկապարտեզն էլ նորոգել էր «Լիլիան Արմ» ընկերությունը, որը, ըստ ակտիվիստի, իշխանության ներկայացուցչին է պատկանում:
Այցից հետո Չախոյանը զանգ էր ստացել հենց Նոր Նորքի թաղապետից: Ակտիվիստը պնդել էր՝ Տեր-Մարգարյանը հայհոյել էր իրեն, ինչից հետո հայհոյանքները փոխադարձ էին դարձել:
Հաջորդ օրն էլ Չախոյանն ու Մանուկյանը թաղապետարանի շենքի ներսում բողոքի ակցիա էին արել՝ Տեր-Մարգարյանի նկարի վրա յոգուրտ էին լցրել ու պնդել՝ թաղապետի բառապաշարին համարժեք ակցիա են անում: Հաջորդ օրը, երբ Չախոյանը ցանկանում էր մասնակցել Նոր Նորքի թաղապետարանում հանրային լսմանը, անձամբ թաղապետի կողմից դաժան ծեծի ենթարկվեց տեսախցիկների առջև»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում