Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Amnesty International. Վրաստանում կին ցուցարարների նկատմամբ գենդերային հենքով բռնություններն աճում են
Վրաստանի ոստիկանությունն ավելի հաճախ է հավաքների մասնակից կանանց նկատմամբ իրականացնում գենդերային հենքով բռնություններ՝ այդ թվում սեքսիտական վիրավորանքների, սեքսուալ բռնության կիրառման սպառնալիքի, մարդկանց արժանապատվության նվաստացման ու անօրինական զննության ամբողջությամբ մերկացնելու միջոցով և այլն։
Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն, ոստիկանական բռնության տեսարանները, ինչպես նաև անհայտ անձանց կողմից խաղաղ ցուցարարների վրա ֆիզիկական հարձակումները, Վրաստանում դարձել են սարսափելի ամենօրյա երևույթ, այն բանից հետո, երբ անցյալ տարի երկրում բռնկվեց եվրոպամետ, հակակառավարական բողոքի հզոր ալիք։
Կառավարության ճնշումներից չվախենալով՝ կին ցուցարարները դարձել են քաջության և դիմադրողականության խորհրդանիշ, միաժամանակ ենթարկվելով նվաստացման, վիրավորանքների և հոգեբանական բռնության ինչպես իրավապահ մարմինների աշխատակիցների, այնպես էլ նրանց անհայտ կամակատարների կողմից։
«Իշխանությունները, հավանաբար, կարծում էին, որ կանանց սպառնալով սեռական բռնությամբ, տների խուզարկություններով, անօրինական մերկ խուզարկություններով և կամայական կալանքներով՝ կկոտրեն դիմադրության ոգին, կխոչընդոտեն հետագա բողոքի ցույցերը և կլռեցնեն նրանց։ Սակայն արդյունքը հակառակն էր. Վրաստանում կանայք անվախ դուրս եկան փողոցներ՝ դատապարտելով բռնությունները, պահանջելով արդարադատություն և նոր ուժ ստանալով բռնաճնշումներից՝ դիմադրելու և անհնազանդ լինելու համար», - ասել է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը։