Տուժող կողմը կասկած ունի՝ վկան սկզբում տրամադրել է ճիշտ տեղեկություն, հետո փոխել է. Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործ
Իրավունք
16:36 23/05/2025
Հայաստան

Տուժող կողմը կասկած ունի՝ վկան սկզբում տրամադրել է ճիշտ տեղեկություն, հետո փոխել է. Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործ

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստում որպես վկա հարցաքննվեց ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային  կառավարման կենտրոնի ղեկավարի տեղակալը։

Դատական նիստից հետո տուժածների շահերի պաշտպան Նորայր Նորիկյանն ասաց, որ այդ վկան դեպքի հենց հաջորդ օրը Հանրային հեռուստաընկերությամբ հանրությանը տվել է տեղեկատվություն, որ զոհված 15 զինծառայողներից 14-ը գտնվել են մահճակալների վրա, մեկ զինծառայող գտնվել է  վառարանի մոտ։

«Որոշ ժամանակ անց, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, նշված անձը,  վարույթ իրականացնող մարմնում ցուցմունք տալով, էապես փոխել է  իր ցուցմունքը, ասել է,  որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, այլ կերպ է  հասկացել իրենց ստորաբաժանման ղեկավարի՝ իրեն տված տեղեկությունը։ Այսինքն, ընդունել է, որ սխալ տեղեկություն է  հաղորդել  հանրութանը»,- ասաց փաստաբանը։

Ն. Նորիկյանն ընդգծեց, որ տուժող կողմը  խորը կասկած ունի՝ ի սկզբանե տրամադրվել էր  ճիշտ տեղեկատվություն, հետո, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, նշված անձի կողմից  փոխվել է  իր տեղեկության բնույթը։

«Նշված վկայի ցուցմուքներից մեկ անգամ ևս  պարզ դարձավ, որ պետական  իրավասու մամինների կողմից համապարփակ, համակողմանի գործընթաց չի իրականացվել, տեղեկատվական հոսքերը պատճաշ  կերպով չեն տնօրինվել»,- ասաց նա։

Նորիկյանի հաղորդմամբ, դատաքննությունը շարունավում է,  թևակոխել են մի փուլ, որտեղ  մեծ սպասելիքները մնում են մեղադրյալներից, որոնք կարողանան,  մասնավորապես Եղիշե Հակոբյանը, ճշմարտությունը  վեր հանելուն ուղղված վարքագիծ դրսևորել։

«Սպասում ենք նշված վկաների, փորձագետների հարցաքննությանը, որից հետո տուժող կողմը մի շարք միջնորդություններ ունի ներկայացնելու։

Տուժող կողմից դիրքորոշումներում որևէ փոփոխություն առկա չէ, նախկինում արված մեր բոլոր տեսակետները  վերահաստատում ենք, հետամուտ ենք այս գործով  ճշմարտությունը բացահայտվի, բոլոր իրական մեղավորները ենթարկվեն պատասխանատվության»,- ասաց Ն. Նորիկյանը։

 Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տուժող կողմը կասկած ունի՝ վկան սկզբում տրամադրել է ճիշտ տեղեկություն, հետո փոխել է. Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործ