«Ժողովուրդ». ԿԿՀ-ն Արագածոտնի փոխմարզպետի հոր նկատմամբ նախաձեռնել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ իրականացնել
Օրվա մամուլ
08:56 24/05/2025
Հայաստան

«Ժողովուրդ». ԿԿՀ-ն Արագածոտնի փոխմարզպետի հոր նկատմամբ նախաձեռնել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ իրականացնել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրել և քննության է առել «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած՝ «Քույրը՝ փոխմարզպետ, եղբայրը՝ կառավարության աշխատակազմում. աղաղակող առերևույթ կեղծիքներ՝ հայտարարագրերում» վերտառությամբ հոդվածը։ Գրել էինք. «Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանը ներկայացնում է հայտարարագիր` նշելով, որ «Մերսեդես-Բենց» ավտոմեքենան ձեռք է բերել 01.01.2018 թվականին։

Հաջորդ հայտարարագրով՝ այդ նույն «Մերսեդես-Բենցի» ձեռքբերման տարեթիվը դառնում է 13.06.2019 թվականը (մոտ երկու տարվա շեղում). այս կեղծիքի նպատակները կարող են լինել մի քանիսը, որոնք, կարծում ենք, պետք է պարզեն իրավապահները, և ոչ թե լրագրողները»: Այս հրապարակման հիման վրա իրականացվել է Սուրեն Հովհաննիսյանի, Միլադա Հովհաննիսյանի և Մկրտիչ Հովհաննիսյանի՝ հրապարակմամբ արձանագրված առերևույթ անհամապատասխանությունների վերաբերյալ ստուգում, ինչի արդյունքում որոշում է կայացվել Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ նախաձեռնել վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ՝ հաշվի առնելով 2023 թվականի տարեկան հայտարարագրում առերևույթ սխալ կամ ոչ ամբողջական տվյալների հայտարարագրված լինելու հանգամանքը։ Արդյունքում Հանձնաժողովը, 2025 թվականի հունվարի 20-ի որոշմամբ, Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառել է վարչական տույժ՝ 200 հազար ՀՀ դրամի չափով։

Հոդվածում գրել էինք, որ Միլադա Հովհաննիսյանի եղբայրը Արայիկ Հարությունյանի օգնականն է։ Սուրեն Հովհաննիսյանը թեև ներկայացնում է համեստ` իսկը հեղափոխականի հայտարարագրած գումար` 4.9 միլիոն դրամ, սակայն, հանկարծ, հաջորդ տարի սույն պաշտոնյան ձեռք է բերում 30.5 միլիոն դրամով բնակարան Երևանում։ Այստեղ պետք է հանուն արդարության նշել, որ Հովհաննիսյանը մյուս ՔՊ-ականների պես չի պահպանել ձևական կողմը և չի արտացոլել ինչ-որ վարկ` իբրև գումարի ծագման աղբյուր։

Առավել ուշագրավ է քույր ու եղբոր փոխկապակցված անձի՝ նրանց հոր` Մկրտիչ Հովհաննիսյանի հայտարարագիրը, ըստ որի` նա չունի ոչ մի լումա դրամական միջոց, ոչ մի լումա աշխատավարձ կամ շահաբաժին, սակայն վերջինիս ֆեյսբուքյան էջից վերցված փաստերը, որպես օրենքի տեսանկյունից «երրորդ անձից ստացված տեղեկություն», արձանագրում են, որ փոխմարզպետի և եղբոր՝ կառավարության պաշտոնյայի հայրը տիրապետում է լուրջ բիզնեսների, խոշոր արտադրության համահիմնադիր է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder