Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Քաղաքապետարանը գումար է հատկացնում առևտրային կազմակերպությանը, որը նաև փող է աշխատում նաև միջոցառումից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետարանը վերջերս տարօրինակ ծախսեր է կատարում քաղաքի բյուջեից` որոշել է Նոր Նորք համայնքի հիմնադրման օրը նշել` հատկացնելով 8 մլն դրամ: Նաև ջազի փառատոն է անցկացնում՝ 34 մլն-ով, գինու տոնի է պատրաստվում, որը տեղի է ունենալու հունիսի 6-9-ը Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում: «Երևանի գինու օրեր» անվանումով միջոցառումը Շառլ Ազնավուրի 100-ամյա տարելիցի շրջանակներում է, բայց ամենատարօրինակն այն է, որ միջոցառման անցկացման համար քաղաքապետարանը գումար է հատկացնում առևտրային կազմակերպությանը՝ «Նումա» ՍՊԸ-ին:
Մայիսի 20-ին այդ առևտրային կազմակերպությանը Երևանի բյուջեից 13 մլն 753 հազար դրամ է հատկացվել: Որպես հիմք՝ նշված է «Նումա» ՍՊԸ տնօրենի ապրիլի 30-ի գրությունը: Ստացվում է, որ փոխանակ առևտրային կազմակերպությունն աշխատի, շահույթ ստանա ու հարկ մուծի պետությանը, դիմում է քաղաքապետարանին` քաղաքային բյուջեից փող է ստանում, փող է աշխատում նաև միջոցառումից: Տավուշի մարզի Իջևան քաղաքում գործող «Նումա» ՍՊԸ-ն առաջին անգամ չէ, որ գումար է ստանում պետությունից: ՍՊԸ ղեկավարը նույն ինքը՝ EventToura ընկերության համահիմնադիր և տնօրեն Մերի Բադալյանն է, որը գրեթե ամեն տարի գումար է ստանում՝ «Երևանի գինու օրեր» կազմակերպելու համար: 2021-ին, օրինակ, մոտ 2,5 մլն դրամ է ստացել էկոնոմիկայի նախարարությունից: Փաստորեն, տարեցտարի ընկերության ախորժակը բացվում է, և «Գինու օրերն» ավելի ու ավելի թանկ են նստում Երևանի վրա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։