ԶՊՄԿ-ն գործադուլին մասնակցած և այդ պատճառով աշխատանքից ազատված քաղաքացիներից պահանջում է ավելի քան 4 մլդ 780 մլն դրամ
Իրավունք
20:14 26/05/2025
Հայաստան

ԶՊՄԿ-ն գործադուլին մասնակցած և այդ պատճառով աշխատանքից ազատված քաղաքացիներից պահանջում է ավելի քան 4 մլդ 780 մլն դրամ

Global Advocacy Team-ի անդամ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը գրում է․

«SOS ահազանգ է հնչել Հայաստանում․

Հայաստանում SLAPP գործընթացները հանրային խոսքի և սեփական իրավունքը պաշտպանող քաղաքացիների դեմ ոչ միայն շարունակվում է, այլև զարգացում է ապրում։

2025 թվականի հունվարի 31-ից մինչև փետրարի 11-ը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները իրականացնում էին գործադուլ՝ պահանջելով աշխատանքային, բնապահպանական, առողջապահական ապահովագրության պայմանների բարելավում և աշխատավարձերի բարձրացում։

Այդ ընթացքում կոմբինատի արտադրական աշխատանքները դադարեցված էին։

Գործադուլավորների և կոմբինատի միջև որոշակի բանակցություններից հետո կողմերը գնացին փոխզիջումների, գործադուլը ավարտվեց, և կոմբինատը վերսկսեց իր աշխատանքները։ Դեռևս գործադուլի ընթացքում կոմբինատը ազատել էր աշխատանքից գործադուլի 8 մասնակիցների, ովքեր դիմել են դատարան իրենց աշխատանքում վերականգնելու պահանջով։

Հիմա ընկերությունը 4 758 480 000 (չորս միլիարդ յոթ հարյուր հիսունութ միլիոն չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի պահանջով դիմել է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ 2025թ․հունվարի 31-ից փետրվարի 11-ը գործադուլին մասնակցած և այդ պատճառով աշխատանքից ազատված Շավարշ Հովհաննեսի Մարգարյանի, Վահե Սամվելի Մխիթարյանի, Տիգրան Արշամի Աթայանի, Կարեն Մարութի Արշակյանի, Կարեն Արկադիի Անդրեասյանի, Գոռ Վրեժի Բաբաջանյանի, Վահե Վրեժի Բաբաջանյանի, Արթուր Վրեժի Բաբաջանյանի (պատկերացրեք այդ գումարի չափը և ութ սովորական քաղաքացիներին)։

Հիշեցնեմ, ընկերության բաժնետեր է հանդիսանում նաև ՀՀ կառավարությունը, մոտ 22% բաժնեմասով։

Այդ ընթացքում դատարանի որոշմամբ արգելանք է դրվել վերոնշյալ 8 քաղաքացիների գույքի վրա (ժողովրդավարական Հայաստանի դատարանի կողմից)։

SLAPP գործընթացները միջազգային ժողովրդավարական շրջանակների և իրավապաշտպան ցանցերի կողմից դիտարկվում են որպես սեփական, սոցիալական, էկոլոգիական իրավունքները պաշտպանող մարդկանց պատժելու, մարդկանց լռեցնելու, ճնշելու, ժողովրդավարության սկզբունքների նկատմամբ թերահավատություն սերմանելու կորպորատիվ-համակարգային հետապնդում։

Ես, որպես Global Advocacy Team-ի անդամ, արդեն իրազեկել եմ միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան ցանցերին այն իրավիճակի մասին, որում գտնվում են վերոնշյալ 8 քաղաքացիները և վստահեցնում եմ՝ նրանք մենակ չեն մնալու»։

 

 

38Centre for Community Mobilization and Support, Tehmine Yenoqyan and 36 others

Աղբյուրը`Panorama.am
Placeholder