Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ի՞նչպես կանխել աղիքային վարակիչ հիվանդություններն ու խուսափել բարդացումից
«Տաք եղանակով պայմանավորված կարող են բարձրանալ աղիքային վարակիչ հիվանդացության ցուցանիշները, չի բացառվում, որ կարող են լինել բռնկումներ, եթե չպահպանենք պարզ կանոնները »,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ԱՆ վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
Նրա ներկայացրած վիճակագրության համաձայն, անցած ամառվա ընթացքում սննդային գործոնով պայմանավորված արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության 5 բռնկում, որից երկուսը երևանյան հանրային սննդի կետերում, մյուսները՝ մարզերում։
«Բռնկումների հիմնական պատճառ է հանդիսացել սննդի պահման, պահպանման և պատաստման կանոնների խախտումը, այսինքն պատրաստի սննդամթերքը ենթարկվել է երկրորդային աղտոտման, ինչի հետևանքով եղել են այս բռնկումները»,-ասաց Ռ. Աբովյանը։
Մասնագետը հիշեցրերց, աղիքային վարակչ հիվանդությունները փոխանցվում են սննդի, ջրի, ձեռքերի միջոցով, սննդի աղտոտման հետևանքով։ Դրանցից խուսափելու համար կենտրոնի ներկայացուցիչը կարևորեց սննդամթերքի պահման կանոններին հետևելը, ընդգծեց՝ մսամթերքը, ձուն, կաթնամթերքը պետք է պահվեն սառնարային պայմաններում, պատրաստման ընթացքում սնունդը պետք է ենթարկվի ջերմային անհրաժեշտ մշակման, սնունդը պատրաստելիս պետք է հետևել հիգիենայի կանոններին, պետք չէ միրգն ու բանջարեղենը գնել փողոցից, գնված պտուղ, բանջարեղենը պետք է լվանալ հոսող ջրի տակ։
Ասուլիսի մասնակից ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի բժիշկ-վարակաբանի Հայկ Հարությունյանն էլ նշեց, որ հունվարից մինչ այսօր աղիքային վարակիչ հիվանդություններով հոսպիտալացված դեպքերի մեծ մասը պայմանավորված են ուշ դիմելով, գրեթե բոլոր դեպքերում հիվանդը հայտնվում է հիվանդանոցում առանց առաջին բուժօգնություն ստանալու կամ որ ավելի վատ է սխալ բուժօգնության հետևանքով։
Նա խորհուրդ է տալիս առաջին իսկ գանգատների դեպքում դիմել առաջին բուժօգնության, դա թույլ կտա կանխել հետագա բարդացումը։
Հ. Հարությունյանի խոսքով, լուծի դեպքում անմիջապես պետք է դիմել բժշկի, վերջինը կորոշի՝ ինչի հետևանք է դա։
«Օրվա ընթացքում 3 և ավելի անգամ աղիների գործելը 300 և ավելի գրամ կղանքային զանգվածով համարվում է լուծ։ Այն կարող է ընթանալ նաև ինտոքսիկացիայով, փսխումներով, ջերմության բարձրացմամբ։ Մնացած ախտանիշների առկայությունը չի խոսում հիվանդության ծանրության մասին։ Մենք ունենք բակտերիալ վարակներ, որոնք կարող են ընթանալ առանց այս ախտանիշների, բայց բարդանալու առումով իրենցից մեծ վտանգ են ներկայացնում, այդ թվում շիգելոզները, խոլերան»,-ասաց վարակաբանը։