Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սեյրան Օհանյանը վատառողջ է, «մարտի 1»-ի վերաբացված գործով դատական նիստը հետաձգվեց
«Մարտի 1»-ի վերաբացված գործով դատական այսօրվա նիստը հետաձգվեց։ Նիստին ներկա չէր գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Դատավորը հայտարարեց, որ դատարան է ստացվել երկու միջնորդություն, որոնցից մեկի համաձայն հաղորդվում է, որ Ս. Օհանյանն առողջական խնդիրներ ունի, գտնվում է ստացիոնար բուժման մեջ։
«Առողջություն մաղթենք, պարոն Օհանյանին։ Հաշվի առնելով, որ մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին պարտադիր է, վերջինս բացակայությամբ չենք կարող շարունակել դատալսումները»,- ասաց դատավորը։
Քննարկվեց երկրորդ միջնորդությունը, որը կապված է գործով անցնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործուղումների հետ։
Արմեն Գևորգյանը հայտնեց, որ հունիսի 1-ին ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում պետք է մասնակցի Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, նաև հունիսին պետք է մասնակցի ԵԽԽՎ նստաշրջանին։
«Դրանցով պայմանավորված, պետք է խնդրեմ դատարանը թույլ տա բացակայել»,- ասաց Ա. Գևորգյանը։
Դատավորը հայտնեց, որ դատարանը համապատասխան գրություն կհասեցագրի մայիսի 29-ից հունիսի 3-ը, հունիսի 22-30-ը ընկած ժամանակահատվածի համար։
Հաջորդ նիստը կկայանա հունիսի 17-ին։