Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Թատրոն 8»-ը ներկայացնում է «КРОТКАЯ» ներկայացումը՝ Ֆեոդոր Դոստոևսկու համանուն պատմվածքի հիման վրա։ Այս մասին տեղեկանում ենք «Թատրոն 8»-ի տարածած հաղորդագրությունից։
«Մայիսի 30, ժամը՝ 19:30-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի շենքում տեղի կունենա «Թատրոն 8»-ի «КРОТКАЯ»ներկայացման պրեմիերան։
Սա դասական տեքստի ժամանակակից թատերական մեկնաբանություն է, որը բացահայտում է մարդկային հոգեբանության խորը շերտերը և հուզում իր գաղափարական ու էմոցիոնալ լիցքերով։
Ներկայացման ռեժիսորը Վլադիմիր Տառասյանցն է, իսկ դերերում խաղում են Մխիթար Ավետիսյանն ու Ժաննա Հովակիմյանը։
«КРОТКАЯ»-ն մի մարդու ներքին խոսքն է՝ խոստովանություն, որի մեջ լսվում է մեղքի, կորստի, լռության ճիչը։
Նա փորձում է հասկանալ՝ ինչու չկարողացավ փրկել, ինչու չտեսավ, չլսեց, չհասկացավ։ Բայց արդյո՞ք երբեմն մեր հպարտությունը չի լինում կործանարար։ Արդյո՞ք մենք ինքներս չենք ստեղծում այն լռությունը, որը վերջնականապես խզում է մարդկային կապերը։
Սա պատմություն է մենակության, սիրելու անկարողության, ու երբեմն՝ ինքներս մեզ փրկելու մոլուցքի մասին՝ երբ այդ մյուսը դառնում է գործիք, զոհաբերություն։ Ներկայացումը բարձրացնում է բարու և չարի սահմանների, կյանքի անխուսափելի հանգամանքների, վրեժի տենչի, սեփական եսի ու հանրության փխրուն հավասարակշռության մասին հարցեր՝ հրավիրելով դիտողին ներքին երկխոսության։
Բեմադրությունը մինիմալիստական է՝ կենտրոնացած կերպարների հոգեկան մերկության, ներքին լարման և հուզական լռության վրա։
Ռեժիսոր Վլադիմիր Տառասյանցը նշում է.
«Մեր արտահայտությունների խտությունը երկարատև աշխատանքի արդյունք է։ Երբ խորն ես սուզվում, ճնշումն աճում է, և դժվար է տարբերել սովորականը։ Բայց երբ վեր ես բարձրանում, վերադառնում ես հարստացած փորձով։ Մենք հրավիրում ենք հանդիսատեսին մեզ հետ անցնելու այս ինքնաճանաչման ուղին։ Այն ամենը, ինչ անում ենք, միայն հանդիսատեսի համար է։ Եթե խաղում ես ազնվորեն՝ սիրում ես հանդիսատեսին, ապա սիրված կլինես»։
«Թատրոն 8»-ը անկախ թատերախումբ է, որը ստեղծում է հեղինակային և փորձարարական բեմադրություններ՝ կենտրոնանալով ժամանակակից հոգեբանական և սոցիալական թեմաների վրա։ Մեր թիմը հավատում է, որ բեմը տարածք է, որտեղ կարելի է ապրել, մտածել, ցավել և փնտրել պատասխաններ։ «КРОТКАЯ»-ն այդ որոնման հերթական փուլն է։
Ներկայացումը ռուսերեն լեզվով է»,- ասվում է հաղորդագրությունում։